Foto

Ոստիկանության բաժնի միջադեպը կարող են օգտագործել Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի բազում անձանց չեզոքացնելու համար․ Վրթանեսյան

Երեկ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքը բուռն քննարկման առիթ է դարձել։ Մի շարք փորձագետներ տարբեր կարծիքներ ունեն՝ անձերի արկածախնդրությունից մինչև իշխանության կողմից բեմադրություն՝ տարբեր դրդապատճաներով։ Տարածքներ զիջելն ինչ-որ ժամանակով հետաձգելը վարկածներից մեկն է, որի վերբերյալ Vesti.am հարցեր է ուղղել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանին։

-          Պարո՛ն Վրթանեսյան, բուն գործողություններից զատ, սա նմանեցվում է 2016թ-ի ՊՊԾ գնդի գրավմանը, որից հետո իշխանությունն, իբր, արտաքին քաղաքական դադարի ժամանակ ունեցավ։ Նոր Նորքի բաժնի գործողությունը կարո՞ղ  է իշխանական բեմականացում լինել, և ,եթե այո, ապա՝ ներքաղաքակա՞ն խնդիր է լուծում, թե՞ արտաքին քաղաքական։

-          Ես չեմ կարծում, որ 2016թ ՊՊԾ գնդի գրավումը բեմադրություն էր։ Ակնհայտ էր, որ դա ճգնաժամ էր։ Ինչո՞ւ պետք է իշխանությունը դա բեմադրեր։ Ըստ էության՝ 2018թ հիմքերը, գոնե հանրային գիտակցության մեջ, դրվեցին 2016թ-ին ՊՊԾ գնդի գրավմամբ։ Համաձայն եմ, որ վերջին դեպքը աբսուրդ էր՝ կարող է և՛ իշխանության բեմադրությունը լինել, և՛ կարող է անհատների չմտածված պոռթկում լինել։ Անկախ տարբերակից, այս միջադեպը կարող են օգտագործել այս իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի, համար անցանկալի բազում անձանց չեզոքացնելու համար՝ ձերբակալություններ, խուզարկություններ։ Ընդհանրապես՝ բռնապետներին, ավտորիտար ղեկավարներին բնորոշ է՝ ստեղծել նման իրավիճակներ կամ էլ, եթե նույնիսկ իրավիճակը ստեղծվել է իրենցից անկախ, փորձում են արագ կապիտալիզացնել։

-          Հնարավո՞ր է, որ այս իրավիճակն իշխանությունը կարողանա օգտագործել արտաքին քաղաքական մակարդակում և, օրինակ, Ոսկեպարի, Բաղանիսի հանձնումը որոշ ժամանակով հետաձգի։

-          Չեմ կարծում, որովհետև Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս արագ կարողանա հանձնել այդ տարածքները։ Ոսկեպարի հանձնումը կարող էր ընդհանրապես չլինել սեղանին և, ընդհանրապես, սեղանին հայկանան  տարածքների հանձնման հարցը չպետք է լիներ։ Նույնիսկ ոչ այդքան հաջող ղեկարվարը հազար ու մի միջոց ուներ այդ թեման փակելու, բայց, եկեք հասկանանք, որ Փաշինյանն ինքն է անընդհատ այդ թեման «բզբզում»։ Նա ընդհանրապես չի գործում՝ ՀՀ-ի շահերից ելնելով: Ոչ թե ուզում է պահել և չի ստացվում, այլ՝ հենց ուզում է հանձնել։ Հավանականություն կա, որ այս միջադեպը կօգտագործի ոչ թե պահելու այլ՝ հանձնելու համար։

-          Այս ղաքական ձերբակալությունները (Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան․․․) ևս Ոսկեպարից ուշադրությունը շեղելո՞ւ համար է։

-          Նաև այդ գործոնը կարող է լինել, բայց Փաշինյանն առաջին հերթին լուծում է իր իշխանության խնդիրը:  Դիկտատորներին, իշխանությունը պահելու համար, պետք է անընդհատ չեզոքացնել իրենց քննադատներին։ Այսինքն, մի բան է, երբ այլախոհությունը հնչում է մի մարդուց, ով քիչ լսարան ունի, մի այլ բան է, երբ դա անում են մեծ լսարան ունեցողները։ Հենց նրանց են փորձում չեզոքացնել։ Օրինակ՝ Արմեն Աշոտյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում ուներ 70 000 հետևորդով էջ, իր լայվերը սկսել էին նայել ոչ միայն իր հետևորդները։ Ուստի, Աշոտյանին 9 ամսից ավելի կալանավայրում պահելը պայմանավորված է նաև այդ գործոնով։

Հեղինակ: Աննա Ավետիսյան