Հայաստանի ազգային հավաքականի և հոլանդական «Այաքս»-ի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզն, ով հայտ է ներկայացրել ղեկավարելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ), այսօր լրագրողներին ներկայացրեց հայկական ֆուտբոլի զարգացման իր տեսլականը, որը հասանելի է arasozbiliz.am պաշտոնական հարթակում։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Արաս Օզբիլիզը խոսեց Հայաստանում այս մարզաձևում առկա խնդիրների ու մարտահրավերների մասին և մատնանշեց դրանց լուծման ուղիները։ Նա նկատեց, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլում անցկացրած իր 25-ամյա փորձն ու ֆուտբոլը ներսից իմանալն իրեն դարձնում են ՀՖՖ նախագահի պաշտոնի լավագույն հավակնորդներից մեկը։
Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործառույթներին՝ նա նշեց․ «Առաջին հերթին ֆեդերացիան սոցիալապես պատասխանատու կառույց պետք է լինի և ֆուտբոլը հասանելի դարձնի բոլորի համար։ Ֆեդերացիան պետք է նպաստի երկրում ֆուտբոլի տարածմանն ու զարգացմանը, ապահովի զանգվածային և մանկապատանեկան ֆուտբոլի կազմակերպումը, նպաստի կանանց ֆուտբոլի զարգացմանը, անցկացնի տեղական և միջազգային մրցաշարեր, ստեղծի ու կատարելագործի ենթակառուցվածքներ ու համակարգեր, որոնք կօգնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը»։ Օզբիլիզը հաստատեց իր պատրաստակամությունը՝ ներդնելու իր կուտակած ողջ փորձը, գիտելիքները, կապերն ու ռեսուրսները՝ հանուն Հայաստանում ֆուտբոլի առաջընթացի։
ՀՖՖ թեկնածուն նկատեց, որ ֆուտբոլն այն մարզաձևերից է, որ առողջ, կարգ ու կանոնով առաջնորդվող և պիտանի քաղաքացիներ է ձևավորում, հետևաբար, մասսայական ֆուտբոլի զարգացումը առաջնահերթություն պետք է լինի յուրաքանչյուր երկրի համար։ «Ֆուտբոլի ֆեդերացիայի դերը պետք է լինի ֆուտբոլային մշակույթի զարգացումը, հասարակության տարբեր խմբերի ներգրավվածության բարձրացումը»,- հավելեց նա։
Օզբիլիզի խոսքով՝ Հայաստանի ֆուտբոլի առողջացման իր առաջ քաշած ծրագիրը կարող է իրագործել ֆեդերացիայի մաս կազմող ֆուտբոլային ակումբների հետ սերտ աշխատանքի միջոցով։ Իսկ այդ աշխատանքում ինքը գործելու է բաց և թափանցիկ, պատրաստ յուրաքանչյուր քննադատության։ «Բոլոր նրանք, ովքեր շահագրգիռ են, որ Հայաստանում ֆուտբոլը զարգանա, վստահ եմ փոփոխությունների անհրաժեշտություն են տեսնում: Ես ուզում եմ ասել ֆուտբոլային ակումբերին, որ մենք բոլորս պետք է միանանք ու մեր ֆուտբոլը ոտքի կանգեցնենք։ Ես վստահ եմ, որ ես այն մարդն եմ, որ կարող եմ դա անել իրենց հետ միասին, աշխատելու եմ բոլորի հետ հավասար: Ֆեդերացիան իրավունք չունի մեկի հետ լավ, մյուսի հետ վատ աշխատել։ Պետք է լինեն բաց, արդար, թափանցիկ հարաբերություններ բոլորի հետ»,-հավելեց ՀՖՖ նախագահի թեկնածուն։
Անդրադառնալով ՀՖՖ կառավարմանը՝ Արաս Օզբիլիզը մեծ կարևորություն տվեց ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի աշխատանքին՝ նշելով, որ այն պետք է լինի անկախ կառույց և միավորի ինչպես ոլորտային, այնպես էլ այլ մասնագետների։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 23-ին։