Ինչպես հայտնի է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները նոյեմբերի
3-ին Աստանայում հանդիպել են Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովի
շրջանակում: Թուրքական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության տեքստում նշված է,
որ «հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման
գործընթացի ներկա վիճակն ու Ադրբեջանի և Հայաստանի միջև հետկոնֆլիկտային գործընթացը»։
Հատկանշական է, որ Բաքվի տարածած տեքստում Հայաստան-Թուրքիա
և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին խոսք չկա, բայց ընդգծված է, որ Էրդողանը
շնորհավորել է Իլհամ Ալիևին Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը բարձրացնելու համար, իսկ
այս փաստի մասին ոչ մի խոսք չկա թուրքական կողմի հայտարարության մեջ: Նույն հանդիպման
մասին պաշտոնական տեքստերում տարբերությունները ցուցիչ են, թե Բաքվի և Անկարայի համար
որոնք են առաջնահերթությունները: Հավելենք, որ Էրդողանը, թյուրքական պետությունների
առաջնորդների ներկայությամբ իր ելույթում, խոսել է Հայաստանի մասին: Նախ գովելով Ադրբեջանին՝
«Ղարաբաղում 30 տարի շարունակվող օկուպացիային վերջ տալու» համար, իրականում՝ Արցախի
Հանրապետության տարածքի ամբողջական թուրքական օկուպացիայի համար:
էրդողանի խոսքից մեզ համար հատկապես առանցքային է հետևյալ դրվագը․ «Կարևոր է, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի նկատմամբ ստանձնած
պարտավորությունները»,-ուշադրություն, նա, ըստ էության, փաստացի կրկնում է ավելի վաղ
արած իր հայտարարությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կատարի «տված խոսքը»:
Ավելին, նա բացատրել է, թե որ «պարտավորությունը» նկատի ունի, տվյալ դեպքում՝ «տրանսպորտային
գծի իրականացումը, որը Նախիջևանը կապելու է Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ», – ասել
է նա:
Կարող ենք փաստել, որ Էրդողանը, ինչպես արել է նախկինում, փորձել է Հայաստանի տարածքով թուրքական միջանցքը
շահեկան ներկայացնել Թյուրքական պետությունների կազմակերպության համար: Ի դեպ՝ Թուրքիայի
նախագահի խոսքում կար ևս մեկ կարևոր շեշտ, որը Երևանում հատուկ ուշադրության է արժանի:
«Որպես թյուրքական աշխարհ՝ մենք պետք է շարունակենք աջակցությունը Ադրբեջանին՝ այս
գործընթացի հաջող ավարտի համար», – ասել է Էրդողանը: Թերևս դժվար չէ կռահել, որ սա
նշանակում է, որ Էրդողանը շարունակում է ջանքերը՝ Հայաստանի դեմ ամբողջ թյուրքական աշխարհը
դուրս բերելու ուղղությամբ:
Այս ամենը փայլուն ընկալելուց զատ՝ անհրաժեշտ է ընդգծել, որ վերը
նշվածը հնարավոր է զսպել՝ այդ պետություններից յուրաքանչյուրի հետ առավել մանրամասն
և պրոֆեսիոնալ աշխատանքով: Այդ աշխատանքի համար քաղաքական և տնտեսական հարթակներ կան,
որոնց Երևանի մասնակցությունը պետք է հիմնավոր դարձնել՝ մոտեցնելով երկկողմ հարաբերությունների
եզրերը:
Ավելին, թյուրքական սեգմենտի ուղղությամբ հայկական կողմից անհապաղ
աշխատանքի կարիքն առավել է ընդգծվում, երբ հետևում ենք Իլհամ Ալիևի ելույթին: Վերջինս
թյուրքական աշխարհի հետ աշխատում է ճիշտ նույն ուշադրությամբ, ինչ Էրդողանը: Նա իր
խոսքում նշել է․ «Թյուրքական պետությունների
հետ հարաբերություններն ամրացնելը Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից
մեկն է: Ադրբեջանը թյուրքական պետությունների տնտեսությունների մեջ ներդրել է 20 միլիարդ
դոլարից ավելի գումար: Ներդրումների հիմնական մասն արված է Թուրքիայում»: Ալիևյան խոսքի
այս վերջին նախադասությունը լրացուցիչ հիշեցում է այն մասին, որ Թուրքիա-Ադրբեջան
հարաբերությունները հիմնած չեն միայն «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա: Այդ
նախադասությամբ Իլհամ Ալիևը զգուշությամբ ցուցադրել է իր ֆինանսական մահակը Էրդողանի
դեմ՝ այն էլ Էրդողանի թյուրքական աշխարհի առաջնորդների ներկայությամբ:
Հավելենք, որ Ալիևը խոսել է նաև Արցախի մասին՝ նշելով, որ վերջին
երեք տարում Արցախի օկուպացված տարածքներում արդեն ծախսել է 7 միլիարդ դոլար և
2024-ին պատրաստվում է ծախսել ևս 2.4 միլիարդ դոլար: Բաքվում, իհարկե, կան կասկածներ
և անգամ աղմուկ, որ այս միլիարդների մեծ մասն Ալիևների ընտանիքն ուղղակի գրպանել է:
Ալիևը շեշտել է, թե մինչև 2026 թվականը ծրագրում է Արցախի օկուպացված տարածքներում
բնակեցնել 140 հազար ադրբեջանցի: Միաժամանակ փաստենք, որ մինչև այս պահը Ադրբեջանի
ոչ մի քաղաքացի իրավունք չունի առանց հատուկ թույլտվության հայտնվել այդ տարածքներում:
Օկուպացված բնակավայրեր են լցվում ադրբեջանցիների որոշ խմբեր՝ փուլ առ փուլ: Մյուսների
այցերը խիստ վերահսկվում են և կազմակերպվում են պետական տրանսպորտով ու հատուկ երթուղիներով:
Հատկանշական է այն, որ Ալիևը խոսել է նաև սեպտեմբերի 19-ի հարձակման
քաղաքական պատրվակների մասին: Նշել է երկուսը՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության
օրվա առիթով Փաշինյանի շնորհավորանքը Արցախի նախագահին և Արցախի նոր նախագահի ընտրությունը:
Ակնհայտ է, որ Երևանում ներքաղաքական տրամադրությունները կառավարելուց բացի Ալիևի այս
հայտարարությունը որևէ այլ նպատակ չունի: Ըստ էության նա շատ պարզունակ կերպով փորձում
է իրար դեմ հանել փաշինյանականներին և ընդդիմադիրներին՝ երկուսին էլ տալով առիթ իրար
մեղադրելու համար: Մեղադրանքների ալիքն այս կերպ Բաքու չի հասնի:
Ի դեպ, ի հիճուկս փաշինյանական ամենօրյա բարբաջանքների, թե
«խաղաղության դարաշրջանը» շուտով կմեկնարկի, Ալիևի ելույթում ոչ մի բառ չեղավ, այսպես
կոչված, «խաղաղության պայմանագիր» կոչվածի մասին: Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում
է համաձայնեցված սկզբունքային երեք հարցերի մասին: Ավելին, հակառակ Երևանում ու միջազգային
հարթակներում Նիկոլի գրեթե ամենօրյա հայտարարություններին՝ Բաքվի ղեկավարը նման կարևորագույն
հարթակում Հայաստանի հետ խաղաղության թեմային անգամ չանդրադարձավ: Սա խոսում է հնարավոր
զարգացումների մասին, որն ավելի հետաքրքիր է դառնում Ուկրաինական ճակատում ռուսական
կողմի վերջին հաջողությունների ու Զելենսկու խուճապային հայտարարությունների ֆոնին։
Արմեն Հովասափյան









