Foto

Ռումինիայում բացահայտել են մարդկանց թրաֆիքինգով զբաղվող ցանց, որը երիտասարդ կանանց ստիպել է Եվրոպայում զբաղվել մարմնավաճառությամբ

Ռումինիայում բացահայտել են հանցավոր ցանց, որը, քննության տվյալներով, 2021 թվականից ի վեր շուրջ 20 երիտասարդ կնոջ տեղափոխել է Արևմտյան Եվրոպայի երկրներ և ստիպել նրանց զբաղվել մարմնավաճառությամբ, հաղորդել է dpa-ն։

Ենթադրյալ զոհերից մեկին 2022 թվականին Ավստրիայում սպանել է հաճախորդը։

Ռումինիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասնագիտացված դատախազության՝ DIICOT-ի տվյալներով՝ ձերբակալվել է 10 կասկածյալ։ Նրանցից չորսին ներկայացրել են քննչական դատավորին, որը պետք է որոշի նրանց կալանավորելու հարցը։

Քննության վարկածով՝ կանանց ստիպել են վճարի դիմաց սեռական ծառայություններ մատուցել Գերմանիայի մի շարք քաղաքներում, ինչպես նաև Ավստրիայում, Նիդեռլանդներում, Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում։ Հետաքննության շրջանակում Ռումինիայում անցկացվել է 21 խուզարկություն, ևս վեց խուզարկություն միաժամանակ իրականացվել է Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։ Գործողությունը համակարգվել է Եվրոպոլի և քրեական արդարադատության ոլորտում համագործակցության հարցերով Եվրամիության գործակալության՝ «Եվրոյուստի» մասնակցությամբ։

Ինչպես պնդում է դատախազությունը, հավաքագրողները հիմնականում ընտրել են անապահով ընտանիքների կանանց և կիրառել այսպես կոչված «լավբոյի» (loverboy) մեթոդը։ Նրանք ռոմանտիկ հարաբերություններ են ձևացրել՝ կանանց վստահությունը շահելու և հետագայում նրանց մարմնավաճառության դրդելու համար։

Ենթադրյալ կազմակերպիչներն ընդգրկված են եղել փոխկապակցված անձանց լայն ցանցում և, քննության տվյալներով, համագործակցել են մարդկանց թրաֆիքինգով զբաղվող ավելի խոշոր խմբավորման հետ։