Հայկական
օնլայն լրատվամիջոցների ասոցիացիան` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Սյունիք»
ֆուտբոլային ակումբի աջակցությամբ, հոկտեմբերի
21-ին Կապանի «Լեռնագործ» մարզադաշտում անցկացրեց «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների
միջազգային ֆուտբոլային մրցաշարը։ Մի քանի ժամ տևած մրցաշարի հաղթողը Մոլդովայի թիմն էր, երկրորդ
տեղը զբաղեցրեց՝ Ռումինիայի լրագրողների խումբը, իսկ երրորդ տեղում` Կապանի հավաքականն
էր: Հայկական օնլայն լրատվամիջոցների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանը թեմայի վերաբերյալ պատասխանել է Vesti.am-ի հարցերին։
- - Մրցաշարն առաջին
անգամ անցկացվեց Սյունիքում, կային նաև նոր
թիմեր։ Ընդհանուր արդյունքներից, տպավորություններից գո՞հ եք։
- - Այո, գոհ եմ։ Թվով 4-րդ մրցաշարն էր, 2017, 2018, 2019թթ մրացաշարն
անց էր կացվում Երևանում։ Թիմերը մեզ դիմում էին՝ նշելով, որ Երևանին արդեն լավ ծանոթ
են , ուստի առաջարկում էին տեղափոխել այլ վայր։ Տևական ժամանակ փնտրում էինք գործընկեր,
ով կաջակցեր մեզ։ Բարեբախտաբար, Զանգեզուրի պղնձամոլիպդենային գործարանը համաձայնեց
աջակցել ՝մրցաշարը Կապանում անցկացնելու մեր գաղափարին։
Հրավիրել էինք 14 թիմը, սակայն հասկանալի պատճառներով հրավերն
ընդունել էին 7-ը։ Ժամանել էր 6 երկիր, որոնց միացավ Երևանի թիմը։ Սյունիքում մեզ տեղում
միացավ Կապանի թիմը։ Նախորդ մրցաշարերին մասնակցած
Ռուսաստանի, Ուկրանիայի, Լատվիայի, Լեհաստանի թիմերը չկարողացան գալ, բայց փոխարենը
եկան նոր թիմեր՝ Ռումինիան և Եգիպտոսը։
- - Մրցաշարը Սյունիքի
մարզում անցկացնելն ինչո՞վ էր պայմանավորված։
- - Հաշվի առնելով Սյունիքում ստեղծված իրավիճակը՝ որոշեցինք սյուներցիների
համար մի փոքր թոթափել օրվա լարվածությունը, փորձեցինք իրենց տոն պարգևել և, կարծում
եմ, ստացվեց։ Մարզադաշտում 1000-ից ավելի հանդիսատես կար, այդ թվում երեխաներ, ովքեր
հաճախում են ֆուտբոլային մարզումների։
- - Տարբեր երկրների
80 լրագրողները հնարավորություն ունեցան լինել այս պահին քաղաքական իրավիճակով պայմանավորված
բազում խնդիրներով լի Սյունիքի մարզ։ Ի՞նչ տպավորություններ ունեին, հասցրե՞լ եք նրանց
հետ խոսել այդ մասին։
- - Այո, հաճախ ենք խոսում։ Նրանք հիացած են մեր Սյունիքով, բնությամբ,
բայց առաջին հերթին՝ մարդկանցով։ Դա այն էր, ինչին ես ձգտում էի: Նրանց գրավել է հատկապես
սյուներցիների բարի վերաբերմունքը և հյուրասիրությունը։ Մրցանակաբաշխության ժամանակ
բոլորն ասում էին, որ սիրով էլի կգան Սյունիք։ Մինչ այնտեղ հասնելը, ճանապարհից դժգոհություններ
կային, ամենալավ ճանապահը չէ, 6-7 ժամ է հարկավոր
այնտեղ հասնելու համար, որոշ հատվածներ կիսաքանդված են, բայց ամենը վերջում մոռացվեց,
հյուրերը հեռացան լավ տպավորություններով։ Հիմա նայում եմ նրանց հրապարակումները, բոլորը
դրական են։
- - Մասնակիցներն այցելել
են նաև Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից
կա բնապահպանական արշավ ԶՊՄԿ-ի դեմ, ինչպես նաև հայ բնապահպաններն են համակարծիք ադրբեջանցի
գործընկերների հետ․ արդյո՞ք միջազգային լրատվականներին ներկայացվեց հանքավայրի
մասին բավարար տեղեկատվություն, որն ի օգուտ ՀՀ-ի և հանքի կարելի է օգտագործել։
- - Այո, հնարավորություն ունեցան անձամբ տեսնել։ Հիացած էին կոմբինատում
առկա անվտանգության միջոցառումներով։ Բոլորին տվեցին համապատասխան կոշիկներ, կասկաներ,
ժիշետներ, մեքենաները գնում էին անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Ամենավերևում
դիտակետ կա, որտեղից էլ համապատասխան մասնագետները պատասխանեցին բոլոր հարցերին, մտահոգությունները
փարատվեցին, հետաքրքիր պրեզենտացիա անցկացվեց։ Լրագրողների հետաքրքրությունը մեծ էր,
քանի որ նրանց մեծ մասն առաջին անգամ էր նման վայրում։
- - Հաջորդ հանդիպումը
ե՞րբ և որտե՞ղ սպասել։
- Սյունիքի և ԶՊՄԿ-ի ղեկավարությունը շահագրգռված են, որ հաջորդ
տարի էլ իրենց մոտ անցկացնենք մրցարշարը և մենք դեմ չենք, սակայն դիտարկում ենք նաև
այլ տարբերակներ ևս։ Կախված է նաև հովանավորներ գտնելու հնարավորությունից։ Դժվար է
այդքան մարդկանց կացության և սննդի խնդիրը լուծելը։ Նրանք էլ իրենց հերթին յուրաքանչուրը
500 դոլարից ավելի գումար են ծախսում։ Ճանապարհածախսը չենք հոգում։ Շահագրգռված ենք,
որ եթե նույնիսկ խաղերն անցկացվեն Կապանում, հնարավոր լինի մասնակիցներին տանել մյուս
բնակավայրեր։