Foto

«Անհոգնել» քիրվայական արգասիքները

Սեպտեմբերյան առավոտը սպասվածից դաժան էր․ առավոտյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի հատվածում, այդ թվում նաև կիրառել ականանետ, ինչի հետևանքով ՊՆ-ն հայտնում է 2 զոհի և 1 վիրավորի մասին։ Սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի խոստացած «Ապագա կա» և «խաղաղության դարաշրջան ենք բացելու» պնդումները մտացածին են։ 

Ամենօրյա ռեժիմով «խաղաղություն» քարոզող և, փաշինյանական բառերով ասած, տարածաշրջանում հանգստություն բերելու «անհոգնել» մոլուցքով տարվածները փորձում են հանրութանը համոզել, թե ադրբեջանցու հետ կարելի է ոչ միայն կողք կողքի «հանգիստ» ապրել, այլև՝ հարևանություն անել։ Եթե, պայմանական ասած, հարևանդ քեզ անընդհատ մորթում ու ցեղասպանում է, իսկ դու անինքնասերի պես շարունակում ես քեզ մատաղ անել, ապա այստեղ որևէ տրամաբանություն չի աշխատում, նման կարգի ղեկավար կոչվածը հասարակությանն ուղղակի ասելիք չունի։ Դա է պատճառը, որ ցուցակներով ու ժամերով խոսում է շինարարական բումի, կիլոմետրերով ասֆալտի ու աճող տնտեսության մասին, մի բան, որը ստեղծված իրավիճակում գրոշի արժեք չունի։ Իսկ եթե ավելի ռեալ աչքով նայենք տեղի ունեցող գործընթացներին՝ Փաշինյանն, «անհոգնել» կատարում է Ալիևի բոլոր պահանջները: Նրա գլխավոր պահանջը արցախահայերի կողմից կա՛մ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելն է, կա՛մ ուղղակի Արցախը լքելը:

Սակայն, ի հեճուկս նիկոլոկան բաղձանքների, Արցախում բոլորովին այլ տրամադրվածություն և վերաբերմունք կա: Արցախցիներն իրենց վճռական կեցվածքով ցույց են տվել, որ առաջին տարբերակը բացառվում է։ Հենց այստեղ է, որ Փաշինյանն անցել է Արցախը հայաթափելու պահուստային տարբերականին և առայժմ կյանքի է կոչում դրա «տեղեկատվական-գովազդային» բաղադրիչը։ Բացառված չէ, որ ինչ-որ մի պահից նա խաղաքարտերը բացի մինչև վերջ և հայտարարի, որ «ՀՀ կառավարությունը՝ արցախահայերի մասին հոգածությունից դրդված, պատրաստ է անվճար ավտոբուսներ տրամադրել՝ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր տեղափոխելու համար»։ 

Քիրվայության կնքահոր նման պահվածքը հուշում է, որ առաջիկայում է՛լ ավելի դաժան իրավիճակներ ենք ունենալու, և երբ Փաշինյանը կառավարության նիստում ընդգծում է «ՀՀ-ի հավատարմությունը խաղաղության օրակարգին», դա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պահանջները կատարելու խոստմանը հավատարմության ինքնախոստովանանք։ Այնպես որ, մինչ Երևանում ավինյանական պարախմբերը տեսարաններ ու շոուներ են բեմադրում և խոսում, Սոթքում զոհերի հերթական անուններն են հրապարակվում։

Արմեն Հովասափյան