«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ազատազրկված անձանց կողմից պատրաստված հերթական թաքստոցը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման եւ օպերատիվ բաժինների ծառայողները, շարունակելով ազատազրկված անձանց կողմից արգելված իրերով թաքստոցների հայտնաբերման աշխատանքները, օգոստոսի 21-ին խուզարկություններ են իրականացրել հիմնարկի հիվանդասենյակներում:
Խուզարկությամբ հիվանդասենյակներից մեկի հատակի տակ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոս եւ լիցքավորման սարք:
Հիվանդասենյակում պահվող կալանավորված անձ Է. Ղ.-ն հայտարարել է, որ նշված արգելված իրերն իրեն չեն պատկանում, եւ տեղյակ չի եղել դրանցից, իսկ այլ հիվանդասենյակում պահվող կալանավորված անձ Ա. Հ.-ն խոստովանել է, որ արգելված իրերը պատկանում են իրեն, եւ դրանք նա է պահել թաքստոցում Է. Ղ.-ի բացակայության ընթացքում:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:









