Կապանի թատրոնում
խնդիրները բազմազան են, և հենց դա է պատճառը, որ թատրոնը մշտապես պետք է լինի ուշադրության
կենտրոնում: Գեղարվեստական-ստեղծագործական մասը թատրոնի խնդիրն է, մինչդեռ շենքային
պայմանները չեն վերաբերում միայն տնօրինությանը, այն ավելի ընդգրկուն շրջանակների խնդիր
է, ովքեր ունեն լիազորություններ, լծակներ: Հենց նրանք պետք է կարևորություն տան և
Կապանի թատրոնը հասցնեն այն մակարդակին, որը պահանջում է ժամանակակից թատրոնը: Այս
մասին Vesti.am-ի հետ զրույցում ասաց Կապանի Ալ. Շիրզանզադեի անվան դրամատիկական թատրոնի
գեղարվեստական ղեկավար՝ Անդրանիկ Խաչատրյանը:

«Ցավով եմ նշում, որ կադրերի պակաս ունենք: Մարզից Երևան եկող և կրթություն ստացող քաղաքացին այլևս չի վերադառնում: Կարծում եմ՝ խնդիրը կարգավորելու համար պետք է մշակութային քաղաքականություն մշակել, որ հայրենի մարզ, հայրենի թատրոն վերադառնալու ցանկություն լինի: Կարևոր գործոն է նաև ֆինանսական մասը: Վերադարձող քաղաքացին պետք է հասկանա, որ Կապանում իր աշխատանքով կարող է նաև ընտանիք պահել: Սա պետական հովանավորչություն է պահանջում: Այսօր ամենահեռու մարզում գործող թատրոնում աշխատավարձը պետք է կրկնակի լինի, որ ընտրենք, թե ու՞մ ընդունենք աշխատանքի, իսկ ու՞մ՝ ոչ: Մտահոգիչ է նաև այն, որ թատրոնում չկան տարրական շենքային պայմաններ՝ լույսեր, կուլիսներ, գրիմանոց, հանդերձարան ընդհանրպես չկան»,- նշեց Անդրանիկ Խաչատրյանը:
Այս պայմաններում՝ մեկ թատերաշրջանի ընթացքում Կապանի դրամատիկական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել 3 պրեմիերա՝ երկու մանկական և մեկ կատակերգություն: Ունեցել են նաև 5-6 ընթացիկ ներկայացումներ: Կապանի թատրոնի դերասանական կազմը համալրել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, հաղորդավար՝ Խորեն Լևոնյանը: Գեղարվեստական ղեկավարը նշում է, որ դեպի դրականը զգալի փոփոխություններ կան:
«Կապանի հանդիսատեսը
բավական կիրթ է և Խորենի մուտքը չափազանց մեծ ոգևորությամբ է ընդունել: Նշեմ նաև
մայրաքաղաքից ևս մեկ դերասան է համալրել մեր կազմը՝ Լևս Դավթյանը: Հանդիսատեսն իր սիրելի
արտիստներին տեսնելու, նրանց հետ շփվելու հնարավորություն ունի: Զուգահեռ այդ մարդկանց
հյուր են գալիս այլ արտիսնտներ և հասարակությունը տեսնում է նաև նրանց: Սա միասնականության դրսևորում է: Մարդիկ հասկանում են, որ մենակ չեն, որ մայրաքաղաքից
մարդիկ են եկել և ապրում են Կապանում և դու՝ կապանցի՛, իրավունք չունես լքելու քո քաղաքը»-
կարևորեց Անդրանիկ Խաչատրյանը:
Գեղարվեստական ղեկավարը
հասարակությանը հորդորում է մինչ ներկայացումը
դիտելն անպայման ընթերցել պիեսը: Ստեղծագործությունը կարդալուց հետո և բեմում
դրա վերարտադրումը տեսնելիս տեղի են ունենում մտքերի բախումներ: Առողջ քննադատության պարագայում դրանք բերում են լավագույն փոփոխությունների:










