Foto

Բելգիան ազատ է արձակել իրանցի դիվանագետ Ասադոլա Ասադիին, որին 20 տարվա ազատազրկման էին դատապարտել

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ դիվանագետ Ասադոլա Ասադին, որն ապօրինաբար ձերբակալվել էր Գերմանիայում եւ Բելգիայում, ազատ է արձակվել, տեղեկացրել է Mehr-ը։

«Ասադոլա Ասադին՝ մեր երկրի անմեղ դիվանագետը, որն ապօրինաբար ձերբակալվել էր Գերմանիայում եւ Բելգիայում եւ ի հեճուկս միջազգային իրավունքի, ավելի քան երկու տարի, այժմ հայրենիք ճանապարհին է եւ շուտով կմտնի մեր սիրելի Իրան»,- գրել է Ամիր Աբդոլահիանը Թվիթերում։

Իրանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Օմանի սուլթանությանն այս ուղղությամբ ունեցած դրական ջանքերի համար։

2021թ. փետրվարին բելգիական դատարանը Ասադիին դատապարտել էր 20 տարվա բանտարկության՝ նրան մեղադրելով Մոջահեդ-ի-Հալք կազմակերպության (MKO) դեմ ենթադրյալ հարձակման մեջ։

Իրանի արտաքին գործերի նախարարությունն այն ժամանակ դատապարտել էր նրան ապօրինաբար կալանավորելը՝ հայտարարելով, որ դա Ասադիի դիվանագիտական իմունիտետի խախտում է եւ այն բանի արդյունք, որ Բելգիան ընկել է MKO-ի ազդեցության տակ։