«Ազգային միասնություն» շարժումը Շիրակի, Վայոց Ձորի, Կոտայքի, Տավուշի մարզերում արդեն անցկացրել է տեղական կառույցների խորհրդի նիստեր և ժողովներ: Մայիսի 13-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանն ու կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը հանդիպել են շարժման՝ Լոռու մարզի խորհրդի անդամների հետ, ծանոթացել բնակիչների խնդիրներին, կարծիքներին և նրանց կողմից առաջարկված ծրագրերին:
Ինչպես նախորդ մարզերում, այնպես էլ Լոռու մարզում Արամ Սարգսյանը ժողովի մասնակիցներին է ներկայացրել «Ազգային միասնություն» շարժման առաջիկա ծրագրերը: Նա ասել է, որ կարևոր քայլերից մեկը հոկտեմբերի 5-8-ը Երևանում կայանալիք խոշոր բիզնես–ֆորումն է, որն իրենից ենթադրում է լուրջ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություն, և այն տեղի է ունենալու Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ:
Արամ Սագսյանը ներկայացրել է Լոռու մարզի կառույցի պատասխանատուներին՝ Լևոն Սաինյանին և Արսեն Մաքսուդյանին: Նա նշել է, որ ստեղծվել է խորհուրդ, որի կազմում պետք է լինեն և՛ փորձառու մարդիկ, և՛ երիտասարդներ.
-Մենք շուտով ձևավորելու ենք նաև շրջանային գրասենյակներ՝ Սպիտակում, Ստեփանավանում, Ալավերդիում: Նրանք, ովքեր պատրաստ են այս ճանապարհն անցնելու, կարողանում են իրենց շուրջ հավաքել մարդկանց, նրանց հետ շարունակելու ենք այս գործունեությունն արդեն շրջանային կառույցներում,-ասել է Ա. Սարգսյանը:
Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահն ընդգծել է, որ իրենք հնարավորություն ունեն հրավիրելու միջնորդների, ներդրողների, ովքեր առաջին հերթին պետք է ուսումնասիրեն, թե ինչ իրավական, հարկային դաշտում են աշխատելու, ինչ որակի աշխատուժ են ունենալու:
-Մենք ձեզ հրավիրում ենք բիզնես-ֆորումին, որտեղ լինելու են դեմ առ դեմ հանդիպումներ, և պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի այժմ առաջարկություն անողները հնարավորություն ունենան հանդիպելու ներդրողների հետ, ներկայացնելու, որ իրենց ծրագրերը խոստումնալից են ու իրագործելի,-ասել է նա:
Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանն էլ շեշտել է, որ խոսքը բոլորովին նոր մոտեցման մասին է.
-«Ազգային միասնությունը» կամ բիզնես-ֆորումն իրականացնում ենք, որպեսզի Հայաստանը տնտեսապես զարգանա: Այն բիզնեսմեններին, որոնց Արա Աբրահամյանի միջնորդությամբ պետք է հրավիրենք, գալու են և ներդրումներ անելու: Դուք ծրագիրը ներկայացրեք և մենք խոստանում ենք դրանց ընթացք տալ,-ասել է նա՝ ընդգծելով, որ «Ազգային միասնություն» շարժման գլխավոր նպատակն այսօրվա լրջագույն մարտահրավերների պայմաններում ողջ հայությանն ազգային շահերի շուրջ համախմբելն է:
Հանդիպման ժամանակ ներկաներն ասել են, որ իրենք հետաքրքրված են «Ազգային միասնություն» շարժումով և մեծ հույսեր են կապում դրա հետ: Բավական հետաքրքիր քննարկում է ծավալվել. ժողովի մասնակիցները տարբեր բնույթի նախագծեր են առաջարկել:
Ներկաներից մեկը, ներկայացնելով իր ծրագիրը, նշել է, որ Վանաձորում գործում է «Ավտոգենմաշ» գործարանը, որն այժմ աշխատում է իր հզորության շատ փոքր մասով և համապատասխան ներդրումների դեպքում այն մեծ հեռանկարներ ունի թե՛ աշխատատեղերի ստեղծման, թե՛ հանրապետություն եկամուտներ բերելու առումով: Բացի այդ, նա միաժամանակ ընդգծել է, որ Վանաձորում կա մի գործարան, որտեղ եղևնու կոներից մեղր են արտադրում, արտադրամասն ունի բոլոր սերտիֆիկատները, բայց նաև ընդլայնվելու խնդիր ունի:
Արամ Սարգսյանն առաջարկի վերբերյալ նշել է, որ սա ծրագրի դասական օրինակ է, երբ կա արտադրություն, սակայն ունի ընդլայնման խնդիր: Նա ասել է, որ մասնավորապես ԵԱՏՄ-ի կարողություններն այս պահին չեն օգտագործվում անգամ 0.1 տոկոսով և դրա համար էլ պետք է փոխել ուղղությունը.
-Եթե այս ծրագրերը ներկայացնեք, մենք խոստանում ենք, որ դրանք համապատասխան ձևով կհասցնենք վերջնակետին: Այսօր պետությունը մի մեծ քայլ արել է՝ սահմանամերձ գյուղերին հարկերից ազատել է և կան արդեն մարդիկ, ովքեր սահմանամերձ գյուղերում նոր գործեր են նախաձեռնում: Ձեռնարկությանը, որն այսօր իր հզորության 20 տոկոսով է աշխատում, բայց կարող է անցնել 40 կամ 50 տոկոսի, համապատասխան պետական մարմիններին առաջարկելու ենք արտոնություններ տալ,-ասել է Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ պետքէ լինի համատեղ աշխատանք:
Մյուս առաջարկը կապված էր մեծ մասշտաբով ուրցի հավաքման, չորացման ու արտահանման հետ: Մասնակիցն ընդգծել է, որ ինքը մի ժամանակ այդ աշխատանքով զբաղվել է, սակայն սերտիֆիկատի հետ կապված որոշ խնդիրներ են առաջացել և այլևս չի շարունակել:
Մարզի բնակիչներից մեկն էլ ասել է, որ ինքն Ուռուտ գյուղում զբաղվում է գյուղատնտեսությամբ և հիմա էլ առաջարկում է զբաղվել սխտորաբուծությամբ: Նա նշել է, որ ըստ իր հաշվարկների՝ 1 հա հողատարածքի համար անհրաժեշտ է 500.000 դրամ, որի արդյունքում աշխատանքով կապահովվի 20 մարդ:
Արամ Սարգսյանը հայտարարել է՝ եթե «Ազգային միասնություն» շարժման ծրագիրը ժողովրդի կողմից ընդունվի, ապա իրենք մինչև վերջ կգնան դրա իրականացմանը հասնելու համար:
Ժողովի մասնակիցների բոլոր առաջարկներն ընդունվել են ի գիտություն և նշվել է, որ դրանց հնարավորինս լուծումներ կտրվեն:
Vesti.am