Foto

ՀԱՊԿ-ից դուրս գալու ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր որոշում չկա. Հակոբ Արշակյան

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը նորմալ երևույթ է համարում Երևանի և Մոսկվայի միջև հանրային, թեկուզ և սուր քննարկումները, մտահոգիչ կլիներ այդ քննարկումների բացակայությունը։
ՀԱՊԿ-ից քաղաքական գնահատականի ակնկալիքի, կառույցից դուրս գալու շուրջ խոսակցությունների, առաջարկվող ռազմատեխնիկական օժանդակության, արևմտյան զորավարժություններին մասնակցելու, ԵՄ դիտորդական առաքելության ՀՀ–ում գտնվելու նպատակների մասին է Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Զրուցել է Աշոտ Սաֆարյանը։
–Երեկ երեկոյան Սոթքի ուղղությամբ հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել է հայկական դիրքերը։ Դրանից առաջ Տեղ գյուղի միջադեպն էր տեղի ունեցել։ Ի՞նչ իրավիճակ է սահմանի երկայնքով, և իշխող թիմը պատրաստ է անհրաժեշտության դեպքում արձագանքել նման սցենարների։
-Քանի որ ՀՀ ինքնիշխան տարածքում կան ադրբեջանական զորքեր և, ըստ էության, այդ դիրքերն իրար բավականին մոտ են տեղավորված, ինչքան էլ մենք փորձում ենք խուսափել, ինչքան էլ խաղաղության օրակարգի շուրջ խոսակցություններ են գնում, այնուամենայնիվ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարը և սադրանքների է գնում։ Մենք դրա ականատեսը եղանք Սյունիքում, Գեղարքունիքում։ Իրավիճակի լուծման քայլերից մեկը զորքերի հայելային հետքաշումն է։ Բայց այն, որ ադրբեջանական կողմը չի համաձայնվում այս տարբերակին, խոսում է նրա մասին, որ նրանք ինչ-ինչ դրդապատճառներով շահագրգռված չեն դեէսկալացնել իրավիճակը։
–Իսկ որո՞նք են մեր հակընդդեմ քայլերն իրենց ապակառուցողական մոտեցմանը։
-Ես համոզված եմ, որ զսպման մեխանիզմներ կան և կիրառվում են, այլապես մենք չէինք ունեն այն հակահարվածը, որը, օրինակ, տեսանք օրեր առաջ մեր զինված ուժերի կողմից Տեղ գյուղի ուղղությամբ։ Ցանկացած ազդեցություն ունենալու է իր հակազդեցությունը, սա սակայն չի նշանակում, որ մենք շեղվում ենք խաղաղության մեր օրակարգից։ Մեր քայլերը արձագանքն են այն սադրանքների, որոնք որ կարող են տեղի ունենալ։ Ես համոզված եմ, որ ճիշտ ճանապարհը երկխոսության և խաղաղության գնալու ճանապարհն է։ Եթե մենք ցանկանում ենք այս շրջանում ունենալ տևական խաղաղություն, մենք չպետք է նման սադրանքների պատճառով ունենանք լայնամասշտաբ հակամարտություն։
–Թշնամու ագրեսիան զսպելը և երկարաժամկետ անվտանգային ճարտարապետություն կառուցելը նաև ենթադրում է արտաքին գործընկերների, դաշնակիցների հետ սերտ համագործակցություն։ Այդ իմաստով այս պահին ի՞նչ իրավիճակում է ՀՀ–ի և ՀԱՊԿ անդամ երկրների հետ համագործակցությունը։
-Դուք գիտեք, որ Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ–ին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներուժման հետ կապված և գիտեք, որ քննարկման էր դրվել մի փաստաթուղթ, որտեղ ՀՀ-ն ցանկություն էր հայտնել և պայման էր ունեցել, որ պետք է լինի քաղաքական գնահատական առկա իրավիճակին, որը ցավոք, իր տեղը չէր գտել այդ փաստաթղթում։ Սա փաստում է, որ առնվազն կոնսենսուս չկա այն հարցի շուրջ, որ կոնկրետ այդ տարածքներով ՀՀ–ի միջպետական սահմանն է և Հայաստանի տարածքում կան օտարերկրյա ուժեր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։