Հայաստանում իշխանությունները կոռուպցիոն բացահայտումներ են անում այն ժամանակ, երբ առաջանում է դրա քաղաքական նպատակահարմարությունը. պետք է նախարարին կամ նախկին նախարարին, քաղաքապետին կամ նախկին քաղաքապետին, այլ պաշտոնյաներին իրենց տեղը ցույց տալ: Անմիջապես հայտնվում են նրանց հետ կապված կոռուպցիայի ու չարաշահումների համատարած փաստեր։ Իրականում դրանք մինչ այդ էլ գոյություն են ունեցել, պարզապես գաղտնազերծվում են միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ «ճիշտ» պահին, «ճիշտ» տեղում։ Ավելի կոնկրետ՝ չեն հանրայնացնում այնքան ժամանակ, քանի դեռ նույն գծի մեջ են։ Շատ չմանրամալով թեմայի մեջ՝ ներկայացնենք նշված գործողություններից մի քանիսը: Շատերը կհիշեն, թե Հայկ Մարությանի հետ կապված չարաշահումների ու կոռուպցիոն դրսևորումների ինչպիսի մեծ չափաբաժին դրվեց շրջանառության մեջ, երբ նա շեղվեց իշխանության քաղաքական գծից։ Թե հետո ի՞նչ եղան այդ «բացահայտումները», որոնք այն ժամանակ մեծ աղմուկ առաջացրեցին, հայտնի չէ։ Գուցե այլևս հայտնի չդառնա էլ, որովհետև այն արդեն կատարել է իր խնդիրը։
Մի ցցուն դրվագ ևս․ ժամանակին կոռուպցիայի
մեղադրանքով աղմկոտ գործ հարուցվեց Դավիթ Սանասարյանի վրա։ Բայց ոչ ոք չի հիշում դրա
մասին, ոչինչ չի խոսվում գործի մասին։ Ավելին՝ Սանասարյանն այդ ընթացքում հասցրեց կուսակցություն
բացել ու տեղավորվել իշխանության գծի մեջ, դառնալ արտախորհրդարանական այն ուժերից մեկը,
ովքեր ֆոն են ապահովում Նիկոլ Փաշինյանի համար և ամիսը մեկ լուսնկարվում նրա հետ։
Հայաստանում այսօր
կոռուպցիայի պակաս չկա, այդ մասին քանիցս փաստում են նաև միջազգային
կառույցները։ Ընդ որում, որքան էլ իշխանությունները փորձում են, չգիտես՝ իրենց, թե
հասարակությանը համոզել, որ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա, վերջերս ԱՄՆ Պետդեպի
զեկույցը, ի հեճուկս իշխանությունների, բոլորովին այլ բան էր արձանագրել։ Զեկույցն
այն մասին է, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝
ներառյալ շինարարություն, հանքարդյունաբերություն, պետական կառավարում, խորհրդարան,
դատական համակարգ, գնումներ ու պետական աջակցության տրամադրում: Ավելին, մեղադրանքներ
էին հնչեցվել նաև պետական պաշտոնյաների ներգրավմամբ՝ պետական միջոցների յուրացման և
կասկածելի բիզնես գործունեության վերաբերյալ։
Զարմանալի զուգադիպությամբ,
միջազգային որոշ կազմակերպությունների նման գնահատականներից անմիջապես հետո, իշխանությունները
հանկարծ զարթնեցին ու սկսեցին կոռուպցիոն սկանդալներ փնտրել։ Ձերբակալեցին, հետո, իհարկե,
բաց թողեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարին, որն ընդամենը մեկ-երկու
օր էր ազատվել պաշտոնից։ ՊՎԾ-ն հայտարարեց,
թե մեծ գումարի չարաշահումներ ու խախտումներ են հայտնաբերվել բժշկական տարբեր հիմնարկներում՝
պետական պատվերի իրացման շրջանակներում։
Մի փոքր սպասենք և կտեսնենք,
որ կոռուպցիայի, կաշառակերության, պետական միջոցների վատնման ու չարաշահումների հետ
կապված՝ առաջիկայում ևս, ամենայն հավանականությամբ, ակտիվ «բացահայտումներ» կլինեն։
Դրանով կփորձեն ցույց տալ, թե ինչպիսի պատասխանատվությամբ ու վճռականությամբ են տրամադրված
կոռուպցիայի դեմ պայքարում։ Չնայած պետական պաշտոնյաների ճոխություններն ամեն ինչ ասում
են։
Իրականությունը հետևյալն
է․ Նիկոլն
ու իր խունտան մի կողմից՝ ցույց են տալիս, թե իբր ծայրահեղ անհանդուրժող են կոռուպցիայի
ու նման երևույթների նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ «չոր աշխատավարձով» կարճ ժամանակում
հասցնում են հսկայական կարողություններ կուտակել։
Արմեն Հովաափյան









