Գուցե որոշ շրջանակների
համար տարօրինակ ու անհասկանալի թվա, բայց Արևմուտքը և, վերջին շրջանում հատկապես, ԱՄՆ-ն
շարունակում են խոշորացույցի տակ պահել Երևան-Բաքու գործընթացը, այդ թվում՝ Արցախի
շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ հավակնելով դառնալ, այսպես կոչված, առցանց
բանակցային գործընթացի գլխավոր հովանավորը կամ միջնորդը: Մարտի 20-ին Փաշինյան-Բլինքեն,
այնուհետև Ալիև-Բլինքեն հեռախոսազրույցներից, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Կոնգրեսում
աղմկահարույց ելույթից հետո կայացել է նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի
հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Պետդեպարտամենտի
խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը թեմայի հետ կապված հայտնել էր, որ հեռախոսազրույցի
ընթացքում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զորաշարժերի կապակցությամբ: Դոնֆրիդն
ընդգծել է նաև ԱՄՆ հանձնառությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների
հարցում: Նա ասել է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային նշանակություն ունի խնդիրը
կարգավորելու և երկարատև խաղաղության հասնելու գործում:
Հավելենք, որ ավելի վաղ,
մասնավորապես Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Փաշինյան-Բլինքեն-Ալիև
եռակողմ հանդիպումից հետո, Պետդեպարտամենտի արդեն նախկին խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել
էր, թե հույս ունեն տեսնել, որ կողմերն առաջիկա օրերին կհանդիպեն Բրյուսելում՝ ԵՄ նախագահ
Միշելի հյուրընկալած բանակցություններում: Սակայն այդ հանդիպումն այդպես էլ չկայացավ:
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այս պահին հանդիպում նախատեսված չէ: Նա
նշեց, որ հանդիպումների փորձը ցույց է տալիս, որ պետք է լինեն պայմանավորվածությունների,
պարտավորությունների կատարման մասին երաշխիքներ: Շատ ուշագրավ կերպով Փաշինյանն իր
մտահոգությունը հայտնեց բրյուսելյան ձևաչափի վերաբերյալ, որոնց շուրջ ակտիվ քննարկումներ
են եղել ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ: Նա նաև ասել էր, թե կարելի է շարունակել Պրահայի
քառակողմ ֆորմատով, և, եթե Ադրբեջանը դեմ է Ֆրանսիայի նախագահի մասնակցությանը, ապա
հնարավոր է ընդլայնել ձևաչափը և ներառել, օրինակ, Գերմանիային, ԱՄՆ-ին:
Ըստ էության՝ դեկտեմբերին Մոսկվայում Լավրովի միջնորդությամբ նախարարական հանդիպումից և մոսկովյան օրակարգի տապալումից,
բանակցային բրյուսելյան հարթակի ձախողումից հետո, ՀՀ իշխանությունները բանակցային նոր
հարթակի փնտրտուքի մեջ են, ավելին, կողմնորոշվել են Վաշինգտոնի հարցում՝ դիմելով ամերիկյան
կողմին՝ առավել ակտիվ միջնորդության համար: Թերևս նաև հենց այդ պատճառով, թեև ԵՄ խորհրդի
նախագահ Շառլ Միշելը կապի մեջ է Փաշինյանի ու Ալիևի հետ, փորձելով շարունակել բրյուսելյան
ձևաչափը, Մյունխենի Անվտանգային համաժողովից հետո Բրյուսելում նախատեսվող հանդիպումը
չկայացավ:
Այսօր արդեն մամուլում
տեղեկություններ շրջանառվեցին, որ բրյուսելյան հարթակն առաջիկայում չի գործի այնպես,
ինչպես անցյալ տարվա ընթացքում, ավելին, բանակցային գործընթացում և հանդիպումներում
ավելի ակտիվ կլինի Վաշինգտոնի դերակատարությունն ու մասնակցությունը՝ որպես հանդիպումներ
կազմակերպող կողմ: Սակայն խնդիրն այն է, որ, ըստ տարբեր տեղեկությունների, ԱՄՆ-ն, ում
հետ մեծ հույսեր է կապում հատկապես Փաշինյանը, պատրաստ չէ այդ ծավալով ներգրավվել Երևան-Բաքու
բանակցային գործընթացում: Իսկ ՀՀ իշխանությունները դեռևս անցյալ տարվա երկրորդ կեսից
շրջանառում էին, որ ՀՀ-ին հարկավոր է բանակցությունների երաշխավոր:
Ի դեպ՝ այս ֆոնին հիշենք Էդմոն Մարուքյանի 2022թ. հոկտեմբերի թվիթերյան գրառումը, որ Հայաստանին
անհրաժեշտ է ոչ թե մոդերատոր, այլ ամուր երաշխավոր՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների
և Ադրբեջանի հետ ապագա տևական խաղաղության պայմանագրի կնքման համար: Հատկանշական է
այն, որ Մարուքյանը միակը չէր, որ խոսում էր երաշխավորի մասին: ՀՀ իշխանություններն
այդ փուլում ակտիվորեն շրջանառում էին բանակցային երաշխավորի թեման, և, փաստորեն, չստանալով
որևէ արձագանք իրենց հայտարարությունների հնարավոր հասցեատիրոջից՝ ուղիղ դիմեցին Վաշինգտոնին:
Սակայն ԱՄՆ-ի հրապարակային դիրքորոշումն այն է, որ կողմերը ակտիվ պետք է բանակցեն ուղիղ՝
առանց միջնորդների, և միայն առանցքային հանգրվաններում ունենան հանդիպումներ միջնորդի
մասնակցությամբ: Այնուամենայնիվ, արևմտյան հարթակում բանակցությունները լիովին չտապալելու
և, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» շուրջ առաջընթացի նպատակով՝ առաջիկա հանդիպումն
ամենայն հավանականությամբ տեղի կունենա Վաշինգտոնում:
Թերևս դժվար է ասել, թե
ի՞նչ ինտենսիվություն կունենա Վաշինգտոնի ներգրավվածությունը, ի՞նչ դիրքավորում կունենա
Վաշինգտոնը, որը դիտարկում է Իրանի դեմ Ադրբեջանին զինելու ծրագիր, և այդ ամենն ինչպես
կանդրադառնա ՀՀ-ի ու Արցախի շահերի վրա, խիստ կասկածելի է: Ստեղծված իրավիճակում հատկանշական
է նաև այն հանգամանքը, որ մոսկովայան իր վերջի այցի ժամանակ Արարատ Միրզոյանը Սերգեյ
Լավրովի հետ զրույցում համաձայնել էր Լավրովի միջնորդությամբ նախարարական հանդիպման:
Արմեն Հովասափյան









