Պետք է արձանագրել, որ ՀՀ-ն անվտանգության խնդիր ունեցել է ոչ միայն արտաքին սահմանի առումով, այլև՝ երկրի ներսում, քանի որ փաստացի ադրբեջանցի զինծառայողների ներթափանցումը, ըստ բնակավայրերի, ուղիղ գծով՝ մինչև 20 կմ, արդեն իսկ ցույց է տալիս, որ խնդիրը ոչ միայն արտաքին սահմանն է, այլև՝ երկրի ներսում և այն մարմինները, որոնք պետք է ապահովեին անվտանգությունը և երկրի ներսում նման իրավիճակներում գործել, փաստացի էֆեկտիվություն չեն դրսևորել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի դիվերսանտ-մոլորյալ զինծառայողների ներթափանցման դեպքին։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Տիգրան Աբրահամյանը ցավով արձանագրեց, որ տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս, որ տեղի ունեցածի մեջադեպում որևէ նորություն չկար։
«Մենք երկար ժամանակ է խոսում ենք այն մասին, որ այս իշխանությունն առաջին հերթին տապալել է անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումները, նույնիսկ եղած համակարգերն ու ինստիտուտները, որոնք գործել են, փաստացի չեն գործում»,- նշեց Աբրահամյանը՝ արձանագրելով, որ այժմ դեռևս խոսում ենք խմբի մասին, որոնց մասին մանրամասներ չկան, խոսվում է երկու ադրբեջանցի զինծառայողի մասին, որոշ աղբյուրներ հայտնում են երրորդ զինծառայողի մասին, հստակ տեղեկություն չկա, թե խումբը քանի անձից է կազմված, ինչ նպատակով են մուտք գործել՝ հետախուզության, դիվերսիայի, ահաբեկչության իրականացումն է, թե՝ այլ, բայց փաստ է, որ անցում է եղել ՀՀ առաջնագծով և նրանք նվազագույնը վերջին երկու-երեք օրերին ՀՀ տարբեր բնակավայրերում են և նրանցից մեկի ձերբակալությունը տեղի է ունեցել միայն տեղի բնակիչների ֆիքսելուց և իրավապահներին հանձնելուց հետո։









