Foto

Փրկարարները կատեստավորվեն

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների համար ներդնել ատեստավորման համակարգ։ Համակարգը ներդնելու դեպքում փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա:

Սարգսյանի խոսքով՝ ատեստավորման առաջին անհաջող փորձից հետո աշխատողը երեք տարվա ընթացքում առնվազն երեք ատեստավորման հնարավորություն կունենա:

«Այդ ընթացքում փրկարարներին մեկ ամիս կտրվի ատեստավորմանը նախապատրաստվելու համար, իսկ այն փրկարարները, որոնք վերապատրաստման միջոցով երրորդ տարվա ավարտին չեն կարողանա հաղթահարել շեմը՝ կազատվեն պաշտոնից»,–ասաց նա։

Փոխնախարարի կարծիքով՝ այս փոփոխությունը մի կողմից կբարձրացնի փրկարարների պատրաստության ևորակավորման մակարդակը, մյուս կողմից թույլ կտա բարելավել իրենց նյութական վիճակը: Խոսքը գրեթե կրկնակի չափով հավելավճարի մասին է (փրկարար ծառայությունում միջին աշխատավարձը 160-250 000 դրամ է)։

Նշենք, որ ատեստավորման համակարգն արդեն ներդրվել է զինված ուժերում և ոստիկանությունում։ Համակարգն ազգային անվտանգության ծառայությանը միացնելու ծրագիրը քննարկման փուլում է։