Այսպես կոչված, տաբուները պետությունների ու հասարակությունների բնականոն կենսագործունեության համար ունեն կենսական նշանակություն։ Անկախ դրսևորումներից, դրանք հանրային ու պետական կյանքում ունեն կարմիր գծերի, արգելակների նշանակություն, որոնց խախտումն առաջացնում է, նվազագույնը, հանրային պարսավանք և ընդվզում։ Անգամ ամենաժողովրդավարական հասարակություններն ունեն տաբուներ։ Ցավոք սրտի, մենք այդպիսինների շարքին չենք դասվում և Նիկոլ Փաշինյանին հեշտորեն թույլ տվեցինք անցած հինգ տարիների ընթացքում անձամբ, իր ընտանիքի անդամների, իշխանության ներկայացուցիչների միջոցով, ըստ էության, համակարգված և հետևողականորեն ոչնչացնել հայկականության մեր կենսական տաբուները։
2018թ․ իշխանության
գալուց հետո Փաշինյանը նախ ձեռնամուխ եղավ Հայ Առաքելական եկեղեցու
դեմ արշավին, որը շարունակվում է մինչև օրս։ Դրա զուգահեռ հեղինակազրկվեց բանակն ու զինվորականությունը։ Այսինքն՝ նրա իշխանության մեկնարկը
նշանավորվեց պետության ու հասարակության հոգևոր ու ֆիզիկական անվտանգության հիմնասյուների
խարխլմամբ։ Ասվածն ամենևին չի նշանակում, թե եկեղեցում կամ, առավել ևս, բանակում խնդիրներ
չկային, կամ, որ դրանց մասին պետք չէր խոսել՝ ճիշտ հակառակը: Միանգամայն այլ բան է, երբ այդ խնդիրներն օգտագործվում են համակարգերը հեղինակազրկելու ու կազմաքանդելու համար։
Արցախյան հարցը նորանկախ Հայաստանի հիմնադրման, նրա ճարտարապետության անկյունաքարն էր՝ դրա վրա խարսխված տաբուների համակարգով, որը որևէ մեկը չէր կարող հատել։ Փաշինյանը սկզբում այդ տաբուներն օգտագործեց սեփական քարոզչության նպատակով, ինքնահաստատվեց Արցախի վերաբերյալ արկածախնդիր հայտարարություններով, ապա տեղի ունեցավ 44-օրյա ողբերգական պատերազմը: Այն հիմնահատակ ջախջախեց Արցախի հարցի վրա խարսխված տաբուների համակարգը՝ հաղթանակի խորհրդանիշ Շուշին հռչակվեց «դժգույն ու դժբախտ քաղաք», այդպիսով անվանարկվեց ու պիտակավորվեց գործնականում հաղթանակն ու Արցախի ազատագրման գաղափարն ինքնին։ Քանի որ տաբուների առանձնահատկությունը նաև դրանց հիերարխիկ բնույթն է, ապա՝ ոչնչացնելով գլխավոր տաբուն, մյուսները կազմաքանդվում են դոմինոյի էֆեկտով։ Ամենևին պատահական չէր Աննա Հակոբյանի հայտնի հայտարարությունը՝ «մեր որդիների՝ ոչնչի համար զոհվելու» մասին։ Հեղափոխական էյֆորիայից կուրացած հասարակությունը չհասկացավ, որ այդպիսով ոտնահարվեց ևս մեկ տաբու՝ մահը հարգելու, հայրենիքի համար նահատակվածներին չծաղրելու տաբուն։
Տաբուների համակարգի հետևողական կազմաքանդման հետևանքն արդեն իսկ
տեսանելի է. հաջորդիվ պետության՝ որպես տաբուի, պետության՝ որպես անբեկանելի
արժեքի, հեղինակազրկումն է, որով հետևողականորեն զբաղված է Փաշինյանն ու նրա իշխանությունը։
Քարոզչական մակարդակում դա ուղեկցվում է անհատական կյանքի, անհատական երջանկության
ֆետիշացման պատմություններով, որոնք երկրորդական, երրորդական պլան են մղում հավաքական,
ընդհանուր արժեքները՝ ընտանիքն ու պետությունը։
Ամփոփենք․ Նիկոլը, տեսանելի և թաքնված
պայքար մղելով հայկականության անբաժանելի մաս կազմող տաբուների դեմ, իրականում ունի
մեկ, եզակի տաբու՝ սեփական իշխանությունը, հանուն որի անարգել ոտնահարում
է բոլոր արգելքներն ու կարմիր գծերը։
Արմեն Հովասափյան









