Foto

Նոր պատերազմ է սպասվում, որի հետևանքների պատասխանատվությունը ՌԴ թողնում է ՀՀ իշխանության խղճին

«Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։ Տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներն աներկբայորեն պետք է գնահատական տան Ադրբեջանի նախագահի նմանօրինակ քաղաքականությանը և գործուն քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ»։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ևս հայտնեց, որ Ադրբեջանը  պարաստվում է արցախահայության ցեղասպանությանը և Ռուսաստանին կոչ էր անում դիմել ՄԱԿ-ին: Նոր սպասվող ռազմական գործողության մասին Փաշինյանը խոսել էր օրերս տեղի ունեցած իր ասուլիսում ևս: Ստացվում է, որ խաղաղության դարաշրջան բացող իշխանությունը փաստացի հայտարարում է, որ պատերազմ է սպասվում: Ընդ որում հայտարարություններից բացի այլ նախապատրաստական գործողություններ չի անում՝ զենքեր ձեռք բերել, զորքերը բերել պատրաստվածության համապատասխան աստիճանի, զորավարժություններ անց կացնել և այլն: Այս ամենին զուգահեռ արտաքին քաղաքական դաշտում դաշնակիցներ ենք կորցնում: Կառավարության նիստում արդեն երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե ՌԴ չի կարողանում, թեկուզ շատ հիմնավոր և օբեկտիվ պատճառներից ելնելով, պահպանել Արցախի ժողովրդի իրավունքները, իրականացնել իր խաղաղպահ առաքելությունն, ապա ինքը պետք է դիմի ՄԱԿ-ին և հայտնի, որ չի կարողանում, և այլ առաքելության կարիք կա: Զախարովայի պատասպանը շատ չուշացավ: «Մենք հայկական կողմի հայտարարությունները համարում ենք 2022 թվականի հոկտեմբերին Եվրոպական միության հովանու ներքո Պրահայում կայացած գագաթնաժողովի գծի շարունակություն։ Ուստի մենք հայկական կողմի, Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը երրորդ կողմի վրա դնելը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը։


 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան