ԲՀԿ նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել.
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը խստորեն դատապարտում է այսօր Մասիս քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ տեղի ունեցած հարձակումը։
Քաղաքական պայքարը պետք է լինի գաղափարների, ծրագրերի և տեսլականների մրցակցություն, ոչ թե ուժի, բռնության դրսևորում։ Անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից՝ նման միջադեպերը անընդունելի են և չեն կարող արդարացվել որևէ հանգամանքով։
Մենք համոզված ենք, որ ընդդիմադիր որևէ ուժի նկատմամբ իրականացված բռնությունը հարձակում է ոչ միայն այդ քաղաքական ուժի, այլև ամբողջ ընդդիմության, քաղաքական բազմակարծության և ազատ ընտրությունների գաղափարի դեմ։
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հնարավորինս արագ բացահայտել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Ուստի առավել քան երբևէ անհրաժեշտ է զսպվածություն, պատասխանատվություն և փոխադարձ հարգանք։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և նրանց աջակիցներին չտրվել սադրանքների, մնալ քաղաքական կոռեկտության սահմաններում և թույլ չտալ, որ ընտրական գործընթացը ստվերվի բռնության ու թշնամանքի դրսևորումներով։
Այս օրերին որոշվում է մեր պետության և ժողովրդի ապագան, ուստի առավել քան կարևոր է, որ քաղաքական գործընթացներն ընթանան խաղաղ, արդար, օրինական և ժողովրդավարական մթնոլորտում։ Հայաստանում ներքին համերաշխության, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության մթնոլորտը չպետք է այլընտրանք ունենա»։