Foto

Ինչո՞ւ է Արևմուտքը շտապում Հարավային Կովկասում

Ինչպես հայտնի է, օրերս տարածաշրջանում դարձյալ դիվանագիտական հայտարարությունների ու դիրքորոշումների հստակեցման պակաս չունեցանք։ Մասնավորապես, օրերս Երևանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպի ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Միաժամանակ Բաքվում էր Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը։ Երկու դիվանագետներն իրենց խոսքում, ըստ էության, հստակորեն ուրվագծեցին, թե ինչ «խաղաղության» օրակարգ են տեսնում տարածաշրջանում:

Մասնավորապես, Բոնոն իր խոսքում ընդգծել է «Մենք այստեղ չենք տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից»։ Այլ կերպ ասած՝ ամերիկացի պաշտոնյան հերթական անգամ առաջ է մղել ուղիղ երկխոսության օրակարգն այն դեպքում, երբ Բաքուն ահաբեկչությամբ է առաջնորդվում՝ Ստեփանակերտի ու Երևանի հետ իր հարաբերություններում:

Արդեն Բաքվից Կլաարն հայտարարել էր, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման ադրբեջանցիների գաղափարը միանգամայն օրինական է։ «Մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար, և այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով»։ Հատկանշական է, որ նա ոչ մի խոսք չի ասել մարտի 5-ին Ադրբեջանի կազմակերպած ահաբեկչական գործողության մասին, որի հետևանքով Արցախի ոստիկանության երեք աշխատակից սպանվեց: Փաստորեն, ԵՄ ներկայացուցչի պատկերացմամբ՝ այդ «թափանցիկությունն» ապահովելու միջոցները բանակցությունների և քննարկումների թեմա են:

Ստեղծված իրավիճակում ակնհատ է դառնում, որ Ադրբեջանը բոլոր հարցերում ունի Արևմուտքի քարտ-բլանշը, քանի որ ներկայումս Ադրբեջանն Արևմուտքի համար դարձել է էներգակիրների անփոխարինելի մատակարար: Արևմուտքի համար նույնիսկ կարևոր էլ չէ՝ Ադրբեջանը սեփական էներգակիրներն է մատակարարում, թե Ռուսաստանի: Կարևորն այստեղ Ադրբեջանի այդ դերն է, որն էլ նշանակում է, որ Եվրոպան ոչ միայն փորձելու է խնդիր չունենալ Ադրբեջանի հետ, այլև առկա խնդիրները բացառապես դիտարկել ադրբեջանական դիտանկյունից:

Ավելին, դեպքերի ընթացքը ցույց են տալիս, որ Արևմուտքը չի ցանկանում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջնորդ լինել, քանի որ այդ հարցը Բաքուն հանել է օրակարգից և հստակ հասկացրել, որ որևէ լուրջ հարց, ինչպիսին կարող է լինել ԼՂ քաղաքական կարգավիճակի հարցը՝ չի քննարկելու: Դրա ականատեսը դարձանք օրերս. տեղի ունեցան մի քանի անօգուտ հանդիպումներ, որտեղ նույնիսկ տեխնիկական հարցեր հնարավոր չի եղել քննարկել: Արևմուտքի համար կարևոր է, որ այս հարցը փակվի, Ադրբեջանն ինչ-որ կերպ լուծի հարցը, իսկ ռուս խաղաղապահներն առավելագույնը երկու տարի անց դուրս գան տարածաշրջանից: Արևմուտքի համար ԼՂ հարց չկա, այդ խնդիրը որևէ լուրջ պաշտոնական հայտարարությունում տեղ չի գտնում:

Պետք է արձանագրենք, որ նույնը, մի փոքր այլ երանգներով, տեղի է ունենում Երևան-Բաքու բանակցություններում: Այստեղ պետք է «Խաղաղության համաձայնագիր» ստորագրվի, նրանք ցանկանում են լինել միջնորդ, բայց, զուգահեռաբար, չեն ցանկանում և չեն կարող դրա համար լուրջ ռեսուրս ներդնել: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Արևմուտքը, այնուամենայնիվ, չի տիրապետում տարածաշրջանի առանձնահատկություններին:

Ըստ էության՝ Ադրբեջանը ցանկանում է հասնել վերջնական կապիտուլյացիայի և փաստաթղթով ամրագրել, որ Երևանը հրաժարվում է Արցախից, սա է լինելու Արևմուտքի հովանու ներքո: Նման պայմաններով հարաբերությունները կարող են կարգավորվել միայն ժամանակավորապես, քանի որ ակնհայտ է, որ սա կայուն ու տևական խաղաղություն չի բերելու: Մոսկվան ու Բրյուսելն, ամեն դեպքում, տարբեր ընկալումներ ունեն «խաղաղության համաձայնագրի» մասին՝ Մոսկվան ԼՂ խնդրին մեծ նշանակություն է տալիս ու տվել, իսկ Բրյուսելն այդ հարցն ամեն կերպ անտեսել է: Հենց այս ամենով էլ պայմանավորված են արևմտյան միջնորդ դիվանագետների դիրքորոշումները:

Թերևս պարզ է, որ Արևմուտքի խնդիրն է՝ օր առաջ լուծել Հարավային Կովկասի բոլոր հարցերն այնպես, ինչպես հնարավոր է մինչ ուկրաինական հակամարտության ավարտը, որպեսզի մինչ այդ Ռուսաստանը, աշխարհաքաղաքական առումով, կորցրած լինի իր դիրքը հարավկովկասյան տարածաշրջանում: Միաժամանակ Արևմուտքի համար փայլուն կերպով հասկանալի է, որ սա բարդ հակամարտություն է, և այն արդար, բոլոր կողմերին բավարարող սկզբունքով լուծելու համար գուցե տասնամյակների բանակցություններ պահանջվեն:

Արմեն Հովասափյան