Foto

ՀՀ կառավարության և Մայր Աթոռի ջրերը նույն առվով չեն կարող հոսել, որովհետև դրանք տարբեր առուներ են․ Փաշինյան

Կա՞ն արդյոք տարաձայնություններ Հայաստանի աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև և ի՞նչ հարցերի շուրջ են դրանք, ասուլիսի ժամանակ հետաքրքրվեցին լրագրողները՝ գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանից։

«Հայաստանի Հանրապետությունում կա մի իշխանություն, և դա ժողովրդին պատկանող իշխանությունն է»,- պատասխանեց Փաշինյանը՝ մտցնելով «Հայաստանի կառավարության և Մայր Աթոռի հետ հարաբերություններ» տարբերակումը։

«Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության և Մայր Աթոռի հարաբերություններին, ասում եք՝ «ջրերը նույն առվով չեն հոսում»։ Էդ ջրերը նույն առվով չեն կարող հոսել, որովհետև դրանք տարբեր «առուներ» են, և այդ «առուները» պետք չէ խառնել իրար։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, և սրանով ամեն ինչ ասված է»,- դիրքորոշում հայտնեց Փաշինյանը։

Ճշտող հարցին՝ կա՞ն արդյոք հարցեր, որոնց շուրջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու ՀՀ իշխանությունները իրար հետ չհամընկնող դիրքորոշումեր ունեն, Փաշինյանը պատասխանեց․ «Կարող են լինել այդպիսի բազմաթիվ հարցեր»։