Foto

ՀՀ իշխանությունների հակահայ հումանիզմը

Տևական ժամանակ է՝ ուզում եմ այս թեմային անդրադառնամ, սակայն տարբեր պատճառներով անընդհատ հետաձգվում էր, փորձեմ մի քանի դիտարկում անել, հայ-թուրքական օրվա պատկերին։

Դիտարկենք, թե ինչ ունենք։ Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Թուրքիայի շարունակական հայատյաց քաղաքականությանը և Թուրքիայի իշխանությունների կողմից ամեն առիթով շեշտադրումներին, թե Թուրքիան աջակցել է Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում, Թուրքիայում օրերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին ՀՀ իշխանություններն արձագանքեցին աննախադեպ հրատապությամբ ու քայլերի հաջորդականությամբ: Ավելին, նախ չուշացավ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգն Էրդողանին (կիրակի օրն անգամ Նիկոլը շնորհավերեց էրդողանի տարեդարձը), ապա ՀՀ-ն փրկարարներ ուղարկեց Թուրքիա, ինչպես նաև նույն երկարաշարժից տուժած Սիրիա:

Բացի դրանից՝ հայտնի դարձավ, որ Հայաստանը 100 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա, բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ Մարգարայի կամրջով հատել են սահմանը դեպի Թուրքիա և ուղևորվել երկրաշարժից տուժած շրջան, ինչն Արցախում 81 օր շարունակվող հումանիտար ճգնաժամի ֆոնին չափազանց բացասական ընկալվեց հասարակության ստվար հատվածի կողմից: Ի դեպ, այդ ճգնաժամը ստեղծվել է Թուրքիայի հովանավորյալ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով: Այս մասին, թերևս, լավ արտահայտվել էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը։

Ըստ էության՝ Մարգարայի կամրջով հումանիտար բեռ Թուրքիա ուղարկելու խորհրդանշական ակցիայով ՀՀ իշխանությունները իրենց հերթական խնդրանքն ուղղեցին Թուրքիային հայ-թուրքական սահմանի բացման հարցով: Սա, թերևս, գնահատեց միայն հայ-թուրքական բանակցություններում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ թվիթերում շնորհակալություն հայտնելով Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին (կոնկրետ այդ երկուսին)։

Առարկայական և շատ էական է այս ֆոնին փաստել, որ չնայած Հայաստանի այս քայլերին, օրերս Էրդողանը շնորհակալություն հայտնեց Ալիևին աջակցության համար՝ կրկին առանձնահատուկ շեշտելով Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի մասնակցության մասին. «Ես հեռախոսով խոսել եմ եղբորս՝ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես Ղարաբաղյան պատերազմում մենք մեր եղբայրների կողքին էինք, այնպես էլ իմ եղբայր Իլհամը՝ իր ողջ թիմով, մեր կողքին է այս աղետում։ Անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ողջ թիմին՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ»։

Ընդգծենք, որ սովորաբար հումանիտար աղետները սուր հակամարտությունները, հռետորաբանությունը և որոշ դիվանագիտական ազդակներ ժամանակավորապես մի կողմ հղելու, հարաբերությունները կարգավորելու փորձեր անելու հնարավորություն են տալիս: Բացի այդ՝ միջազգային հարաբերությունների պատմությանը հայտնի են նման դրվագներ, և մինչև անգամ վերջին երկրաշարժի դեպքում Հունաստանի ԱԳ նախարարն այցելեց Թուրքիա և երկրաշարժից տուժած շրջաններ, և այս ամենը ստացավ «Երկրաշարժային դիվանագիտություն» որակումը: Ըստ էության սա նաև Արևմուտքի կողմից արտոնված քայլ է՝ հստակ նպատակներով: Թե ինչ զարգացում կունենա սա, ցույց կտա ժամանակը, սակայն նման դեպքերում պատահում են նման քայլեր: Սա պետք չէ դիտարկել նաև հայ-թուրքական հարաբերությունների հետ համեմատություն: Բայց նման գործողությունները պետք է ունենան տրամաբանություն ու համարժեքություն սեփական երկրի խնդիրներին ու իրավիճակին: Մենք՝ օրը ցերեկով, մեր քայլերով ինչ-որ արհեստական ու անհասկանալի շահագրգռվածություն ենք ցույց տալիս, չգիտես ինչու՝ «լիզում ենք թուրքի կոշիկը» , ինչն ոչ միայն տեղին չէ, հաշվի առնելով այն խնդիրները, այլ հակահայկական է ու խոսում է օրվա իշխանության էժան անհայրենիքության մասին:

Ըստ էության, մինչ երկրաշարժը ևս այդ գիծը հստակ նկատելի էր: Հումանիտար օգնությունը սահմանով ուղարկելն ազդակ է, որ Հայաստանի կողմից սահմանը բաց է, Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը, Թուրքիան այն ընդունելուն, նման ձևաչափով, դեմ չէ, բայց սահմանն օգտագործելուն միանշանակ ցանկություն չունի: Ակնհայտ է, որ հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել վաղուց, սակայն իրականություն չի դառնում Թուրքիայի կողմից: Թուրքիան հայ-ադրբեջանական հարաբերություններից անկախ՝ որևէ լուրջ քայլ չի անելու Հայաստանի նկատմամբ և Թուրքիան լավագույնս հասկանում է, որ հայկական կողմի համար հայ-թուրքական սահմանի բացումն ամենակարևոր արտաքին քաղաքական հանգրվաններից է, որ սա ՀՀ շրջափակման վերացման ամենակարևոր քայլն է, և Ադրբեջանն ու Թուրքիան այդ հարցում ունեն հստակ կոնսենսուս: Շարքային երեխային էլ պարզ է, որ միամտություն ու նայիվություն է ակնկալել, որ առանց հայ-ադրբեջանական վերջնական համաձայնության՝ նման բան տեղի կունենա: Եվ, ի դեպ, ոչ միայն այս քայլը, այլև ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունները, որպես առանձին, Ադրբեջանից անկախ հարաբերություն՝ չեն կարող լինել:

Թերևս կհամաձայնեք նաև, որ Թուրքիայի իշխանությունները ներկայումս թաղված են, թե երկրաշարժի, թե ներքաղաքական իրավիճակի խնդիրների մեջ, և հայ-թուրքական օրակարգն ամենավերջին հարցերից մեկն է, որի շուրջ երկար պետք է մտածեն, քանի որ այդ հարաբերություններում գլխավոր որոշողը նույնիսկ Թուրքիան չէ: Իհարկե, որոշ պրիմիտիվների մոտ կան թյուր պատրանքներ, որ հայ-թուրքական հարաբերություններն իբրև թե կարող են այնքան դրական հունով գնալ, որ Թուրքիան որոշ հարցերով փորձի ազդեցություն ունենալ Ադրբեջանի նկատմամբ, սակայն Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի նկատմամբ ամենևին էլ պակաս կարևորություն չունի: Այս հարցում գլխավոր որոշում կայացնողն Ադրբեջանն է, Թուրքիան արդյունքի սպասողի դերում է:

Արմեն Հովասափյան