Foto

Իդեալի հավաքական ճգնաժամ

Գաղտնիք չէ, որ հայկական էության ու ինքնության հարցը մշտապես եղել է հանրային-քաղաքական օրակարգում, բայց հատկապես 44-օրյա պատերազմից հետո դարձել է կենսական նշանակության խնդիր։ Չարաբաստիկ պատերազմը մեզանից խլել է ոչ միայն մեր հազարավոր զավակներին ու Արցախի զգալի հատվածը, այլև հարվածել է նաև մեր անհատական ու հավաքական էությանը, որը դեռևս գտնվում է կամ առնվազն պետք է գտնվի վերարժևորման, վերաիմաստավորման փուլում։

Միանշանակ է, որ հավաքական կամ ազգային ինքնությունը չի կարող ձևավորվել իմպերատիվ մեթոդներով, գեղեցիկ գրվածքներով կամ խոսքերով և ոչ էլ կարճ ժամանակահատվածում (առավել ևս՝ անկապ պաթոսվելով)։ Ինչպես հայտնի է՝ ազգային ինքնությունը ավելի կամ պակաս չափով իր մեջ կրում է պետության, հասարակության ամենատարբեր համակարգերի, մտավոր շերտերի, վերնախավերի, հանրային-քաղաքական մտքի գործունեության ինտեգրալ արդյունքը։ Ինքնության խնդիրը տարբերվող դրվածք, սրություն և արտահայտություն է ստանում պետություն ունեցող և պետականազուրկ հանրույթների մոտ, որովհետև եթե կա պետություն, այն առանցքային, անկյունաքարային դեր ունի ինքնության ձևավորման և պահպանման հարցում։

Դասագրքայինով առաջ գնալու դեպքում փաստենք, որ պետությունը դրա տարածքում բնակվող հանրույթի բոլոր՝ էթնիկ, լեզվական, կրոնական, խմբային և այլ ինքնությունների կոնսենսուսի արտահայտությունն է։ Իսկ դա նշանակում է, որ որևէ հանրույթի հավաքական ինքնության կենսունակությունը զգալի չափով կապված է այն հանգամանքին, թե դրա անդամների որ մասը և որ չափով է իր ինքնությունը նույնացնում պետության հետ։ Եզրաբանական իմաստով դա կարող է ունենալ տարբեր արտահայտություններ՝ սկսած հայրենասիրությունից ու քաղաքացիականությունից՝ մինչև պետականամետություն կամ պետականապաշտություն։ Բայց բոլորի հիմքում նույն՝ հանրության անդամների կողմից սեփական ինքնությունը պետության հետ նույնացնելու, նույնականացնելու երևույթն է։ Այս իմաստով՝ մենք հիմա գտնվում ենք անդառնալիության կետին մոտեցող պայմաններում, քանի որ բոլոր անվերապահ արժեքներից ամենավերապահն այսօր դարձել է պետությունը, և մեր հասարակության անդամների պատկառելի մասի համար պետությունն ամենավերջին հասկացությունն է, որի հետ կարող են իրենց նույնացնել։

Այստեղ առանձնացնեք, որ տեղի ունեցողի մեջ խնդիրը ոչ միայն և ոչ այնքան հասարակությունն է, որքան գործող իշխանությունը, որը պետության՝ որպես ինստիտուցիայի արժեզրկման գործում անգերազանցելի ռեկորդներ է սահմանել։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության շուրջ հինգ տարիների ընթացքում հետևողականորեն իրականացրել է հանրային ընկալման մեջ ապապետականացման կամ հանրային մտածողությունը պետականազերծելու քաղաքականություն, որին, ի դեպ, ուղղված է նաև պետական ու մերձպետական քարոզչությունը (ասվածի հիմքում ընկած է մարդկանց կյանքի գերանհատականացման ֆետիշացումը՝ ի հաշիվ ընդհանուրի ու պետականի)։

Գուցե հենց դրանով է պայմանավորված և բնավ պատահականություն չէ, որ Փաշինյանն այդքան մեծ շուքով ամեն տարի կազմակերպում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որի հերոսներն առավելագույն չափով կապված են անհատական հաջողությունների (կոշկակարից մինչև գյուղատնտես) և նվազագույն չափով ընդհանուրի՝ ազգայինի ու պետության հետ, իսկ նրա ընտանիքի անդամները հետևողականորեն զբաղված են անհատական կյանքի իդեալականացման և միաժամանակ հավաքական արժեքների հեգնական քարոզով։

Ավելի պարզ՝ ստեղծված իրականությունը, որում այսօր մենք ապրում ենք, ակադեմիական իմաստով անվանում են էության ճգնաժամ։ Գործող իշխանությունը, սակայն, ոչ թե փորձում է հաղթահարել այդ ճգնաժամը և նպաստել նոր կամ վերափոխված ինքնության ձևավորմանը, այլ անում է ամեն ինչ դրա վերջնական վերացման համար։ Դա շահեկան է՝ ինչպես հենց իշխանության պահպանման, այնպես էլ՝ ամենատարբեր «դարաշրջաններ» բացելու տեսանկյունից, որոնց համար ազգային ինքնությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ։ Զարմանալիորեն՝ հասարակությունը կարծես դեմ չէ, քանի որ անհատական հաջողությունների հասնելու հույսն ավելի տեսանելի է, իսկ հավաքական, ազգային ինքնությունը պահանջում է նաև զոհողություններ։

Արմեն Հովասափյան