Foto

Կուռքեր և բարքեր

Հայաստանում իշխանությունն աշխատում է բացարձակապես սեփական աթոռը պահելու և իրենց կառավարումն արհեստականորեն երկարացնելու օրակարգով, սա պարզ ու հայտնի ճշմարտություն է։ Ավելին, պաշտոնական ցանկացած հաղորդագրություն, կառավարության նիստի ցանկացած հեռարձակում ու Նիկոլ Փաշինյանի որևէ գերատեսչական այցելության ցանկացած տեսանյութ հողին է հավասարեցնում Հայաստանում ժողովրդավարության գոյության մասին ցանկացած միտք։ Գաղտնիք չէ, ի դեպ՝ շատ վաղուց, որ Հայաստանում ժողովրդավարություն կա միայն ձևական առումով, մոտավորապես այնպես, ինչպես Փաշինյանի դեմքը՝ հերթական զոհերի հիշատակը մեկ րոպե հարգելիս։

Ձևականորեն բեմադրվող ժողովրդավարության քողի ներքո, Հայաստանում գործում է խիստ կենտրոնացված, անձնիշխանության վրա հիմնված պետական կառավարման համակարգ, որում բոլորն ունեն իրենց վերապահված դերերը։ Խնդիրը հանգում է իշխանական և պետական կառավարման համակարգերում հարաբերությունների բնույթին ու ուղղություններին։

Ցանկացած քաղաքագիտական գրականություն ուսումնասիրելս՝ կպարզեք, որ ժողովրդավարությունը ենթադրում է հորիզոնական հարաբերություններ՝ անկախ կառավարման մակարդակի բարձրությունից, անհատի արժանապատվության վրա հիմնված մասնագիտական ծառայությունների մատուցում՝ հանրային կարիքների բավարարման նպատակով։ Իրական ժողովրդավարությունը կառուցված է առավելապես հորիզոնական հարաբերությունների լայն ու ապակենտրոն ցանցի վրա, որոնք՝ անգամ հիերարխիկ  համակարգերում ուղղահայաց իմպերատիվներին ենթարկվում են ավելի շատ բյուրոկրատական պահանջների պահպանման, բայց ոչ երբեք հարաբերությունների կողմերի միջև գերակայության ընդգծման նպատակով։

Այսքանն իմնալաուց հետո բավական է անգամ մակերեսային հայացք գցել Հայաստանի իշխանական ու պետական կառավարման համակարգի վրա՝ համոզվելու համար, որ դրանում ժողովրդավարությունն առկա է մոտավորապես այնքան, որքան բարեկրթությունը՝ Նիկոլի վարվելակերպում, այսինքն՝ մոտ է զրոյին։ Կառավարության նիստին զգաստ կանգնող նախարարներ, խորհրդարանի նիստին «մեծարգո վարչապետ» արտաբերողների նողկալի տեսարաններ, ամենատարբեր գերատեսչություններում բրեժնևատիպ ընդունելություններ կազմակերպող կոլեկտիվներ․ թվարկված նմանօրինակ տհաճ տեսարանները փոքր մասն են այն իրական պատկերի, որը դուրս է մնում տեսախցիկների տեսադաշտից։

Ըստ էության՝ Հայաստանում գայսօր ործում է իշխանության գերկենտրոնացված հիերարխիկ համակարգ՝ հիմնված վերևից-ներքև ուղղահայաց հարաբերությունների վրա։ Այդ համակարգն իրականում հսկայական նվաստացման ինդուստրիայի արտահայտությունն է իշխանության ամենավերին մակարդակից դեպի ներքև փոխանցվող նվաստացումն անցնում է ամենատարբեր հոգեբանական շերտերով, ձևախեղվում և այլասերվում է՝ կառավարման մի մակարդակից մյուսին անցնելիս, և հենց այդ նվաստացման մթնոլորտում էլ կառավարվում է երկիրը։ Դա նշանակում է, որ Հայաստանն ապրում է նվաստացման չդադարող սուբլիմացիայի պայմաններում, որը, ի թիվս այլ հարակից հետևանքների, առաջացնում է սարսափելի մեծ քանակի բացասական էներգիա ու էներգետիկա։

Անհերքելի փաստ է, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում, հսկայական համակարգեր են կառավարում մարդիկ, որոնք զուրկ են ամենատարրական մարդկային արժանապատվությունից, քանի որ, ինչպես վկայում են հավաստի պատմությունները, Փաշինյանի ղեկավարությամբ աշխատելը տեսականում և գործնականորեն անհամատեղելի է արժանապատվության հետ։ Արդյունքում, «Հայաստանն արժանապատիվ պետություն» են դարձնում մարդիկ, որոնք իրենք արժանապատվություն չունեն։

Աքսոմատիկ քաղաքագիտական ճշմարտություն է, որ առանց հորիզոնական հարաբերությունների որևէ համակարգ դատապարտված է դեսպոտիզմի։ Ավելին, ներքին դեսպոտիզմն ու արտաքին իրավահավասարության ինքնախաբեությունը հանգեցնում են նրան, որ Փաշինյանի հետ աշխարհում վերաբերվում են այնպես, ինչպես ինքը է վերաբերվում իրեն սրբադասող քպ-ականների հետ։

Արմեն Հովասափյան