32 տարի առաջ Հանրապետության անկախության հռչակումը միակ միջոցն էր՝ ապահովելու Արցախի ժողովրդի գոյությունը: 1991թ դեկտեմբերի 10-ին հանրաքվեով իրացրել է ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքը: Հետագայում Ադրբեջանը,փորձելով բռնի ուժով ճնշել Արցախի ժողովրդի ազատության և ինքնորոշման իրավունքը, երեք անգամ դիմել է հակամարտության ուժայինլուծման՝ այդպիսով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության պահանջները: Այս մասին «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի ընթացքում ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:
«Հարաբերական խաղաղության շրջանում Ադրբեջանը հետևողականորեն վարել է էթնիկ ատելություն բորբոքող և խտրականության քաղաքականություն: Զուգահեռաբար պաշտոնական Բաքուն 30 տարի շարունակ սաբոտաժի է ենթարկել միջազգային միջնորդներին, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ միջազգազյին իրավունքի նորմի հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր փորձերը »,- ասաց նա՝ հավելելով, որ Արցախի և նրա 120.000 բնակչության ավելի քան 70 օր շարունակվող շրջափակումը էթնիկ զտման քաղաքականության հերթական օրինակն է:
Արցախի ԱԳ նախարարը հավելեց, որ Ադրբեջանի խտրական քաղաքականության վարման փաստը հաստատվել է նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից, որի որոշումներն արձանագրեցին Ադրբեջանի կողմից հայերի դեմ տարվող ռասսայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը:
«Դատարանի եզրակացությունները թույլ են տալիս Ադրբեջանի քաղաքականությունը, այդ թվում՝ Արցախի շրջափակումը, բնորոշել որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր իրականացվող խտրական գործողությունների դրսևորում: Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը միջոց է՝ կանգնեցնելու Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային և պարբերաբար խախտումները»,- եզրափակեց Ղազարյանը:









