ԶՄՊԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար, ԱԱԾ պահեստազորի սպա Արամ Գասպարյանը, որը 550 օր կալանքի տակ էր գտնվում, քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից:
Նշենք, որ Արամ Գասպարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանը:
Մասնավորապես, ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր Արամ Գասպարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով կամ տնային կալանքով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը, թեև միջնորդության հիմքում դրվել էր ավելի քան 18 ամիս կալանքի տակ գտնվող Արամ Գասպարյանի առողջական վիճակի վատթարացման հիմքը: Բացի այդ, պաշտպանն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ Գասպարյանը կալանավորված էր 18 ամիս այն մեղադրանքներով, որի պայմաններում կարող էր վաղաժամկետ ազատ արձակվել:
Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որով պաշտպանը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով գրավը՝ 37 մլն դրամի չափով կամ տնային կալանքը:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանի բողոքը՝ Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով գրավը՝ գրավի չափ սահմանելով 40 մլն ՀՀ դրամը:
Գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Արամ Գասպարյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արամ Գասպարյանը նախնական համաձայնության գալով ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ, նախապատրաստել է մի շարք անձանց կողմից իրենց ընտրական իրավունքների ազատ իրականացման խոչընդոտելը: Բացի այդ, Արամ Գասպարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզանների վարչության պետի անվտանգության գծով տեղակալ Հայկ Եղիազարյանին համոզելու և այլ եղանակներով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները։
Աղբյուր` Փաստինֆո









