Foto

Ռուսական կողմից համապտասխան «կրակոց» հնչելու է


Արցախի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական փոթորիկը, հայ-ադրբեջանական հարաբերությունների անհասկանալի զարգացումներն օրօրի ավելի են բարդացնում ողջ տարածաշրջանը և այստեղ խաչվող գեոպոլիտիկ շահերի հավաքական իրադրությունը։ Մյունխենում օրերս տեղի ուենցածը ասվածի հաջորդ ռաունդն էր։ Դժվար է ասել, թե Մոսկվայի ներկայիս «լռությունն» ինչ հաշվարկներով է պայմանավորված, բայց հասկանալի է, որ ռուսական կողմից համապտասխան «կրակոց» հնչելու է։

Ինչպես հայտնի է՝ անցած տարվա հոկտեմբերին, Սոչիում հանդիպումից հետո շաբաթ օրը, Մյունխենի 59-րդ Անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ու նախաձեռնությամբ կայացավ եռակողմ՝ Փաշինյան-Բլինքեն-Ալիև հանդիպում: Ալիևն այս եռակողմ հանդիպմանը հաջորդած Փաշինյան-Ղարիբաշվիլի-Ալիև քննարկման ընթացքում նշել էր, թե արդեն կան ձեռք բերված պայմանավորվածություններ։

Ըստ էության՝ իրադարձությունների ողջ տրամաբանությունն ուղղված է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելուն՝ գլոբալ առումով, ինչպես նաև, որպես ավելի մոտ նպատակ՝ Ռուսաստանին բանակցային գործընթացից, որպես միջնորդ, դուրս մղելուն: Ավելին, ներկայումս փաստացի ընթանում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի զրոյացման գործընթաց` քայլ առ քայլ, քանի որ այլևս հղումներ կատարվում են ոչ թե նոյեմբերի 9-ի փաստաթղթին, այլ Պրահայի պայմանավորվածություններին:

Ակնհայտորեն նկատելի է, որ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը շտապում են՝ ամենայն հավանականությամբ, հստակ հասկանալով, որ ուկրաինական զարգացումներից հետո Մոսկվան նորովի է վերադառնալու հարավկովկասյան տարածաշրջան և այստեղ առկա խնդիրների լուծմանը: Ուստի Վաշինգտոնը, Բաքուն, Անկարան, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը շտապում են` ապագայում կանխելու, հետևաբար` ՌԴ ազդեցություն թույլ չտալու նպատակով: Բացի դրանից, առկա իրավիճակը, դետալային առումով ունի, բազմաթիվ բարդություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել արևմտյան այս նոր փորձի հաջող շարունակությունը: Որքա՞ն երկար կարող են Երևանն ու Բաքուն բանակցել ուղիղ կերպով, երբ ամերիկյան կողմն այս հանդիպմանն ամրագրեց, որ կողմերը հետևելով ԱՄՆ հորդորին, անցել են ուղիղ բանակցությունների, այսինքն՝ բանակցությունների ՝առանց միջնորդի, և հասել ինչ-որ հանգրվանի:

Ստեղծված իրավիճակում Մոսկվան չի մասնակցում գործընթացին, սակայն Մոսկվայի ցանկության դեպքում Երևանն ու Բաքուն կարող են վերադառնալ մոսկովյան հարթակ: Շատ անկանխատեսելի է, քանի որ ցանկացած պահի կողմերից մեկը կարող է հրաժարվել բանակցել Արևմուտքում, թեև այս պահին ամեն բան թվում է հարթ ու հստակ՝ բանակցությունները շարունակվում են Արևմուտքի հովանավորության ներքո, Հայաստանում իրենց գործունեությունն են սկսում ԵՄ 100 դիտորդներ, քննարկվում է, այսպես կոչված «խաղաղության համաձայնագիրը», հայ-թուրքական գործընթացում տեղաշարժեր են նկատվում, միևնույն ժամանակ՝ Էրդողանի դիրքերն են թուլացել: Ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում և Հարավային Կովկասի շուրջ բավականին բարդ պատկեր է ստեղծվել:

Արմեն Հովասափյան