Foto

Մյունխենում նախատեսված չէ Փաշինյան-Ալիև հանդիպում

Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկման համար՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում չի նախատեսվում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Հայաստանի կառավարության մամուլի ծառայությանը։

«Այս պահին նման տեղեկություն չկա»,- համապատասխան հարցին պատասխանել են կառավարության մամուլի ծառայությունից։
Փաշինյանը Մյունխեն է մեկնել փետրվարի 16-ին, ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք։ Համաժողովի շրջանակում Փաշինյանն արդեն հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։
Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։