Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու դիմումի հիման վրա, Երևան Ռուբինյանց 41/1 հասցեում գործող՝ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են տեսչական մարմնից։
Վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է, որ տնտեսավարող սուբյեկտը շահագործում է չստուգաչափված չափիչ սարք, ինչպես նաև թերլիցքավորում՝ խախտելով չափագիտական կանոնների և նորմերի պահանջները։ Արձանագրված խախտումների հիմքով կասեցվել է լցակայանում հեղուկ գազի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։
«Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։ ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սպառողներին հորդորում է զերծ մնալ նշված լցակայանից լիցքավորում իրականացնելուց, քանի որ վերջին ամիսների ընթացքում նույն տնտեսավարողի մոտ` տարբեր հասցեներում, բազմիցս արձանագրվել են թերլիցքավորման դեպքեր»,- ասված է հաղորդագրությունում









