Այսօր Նիկոլ Փաշինյանի հրամանով կրկին կադրային վերդասավորումներ եղան: Նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ Շիրակի արդեն նախկին մարզպետ Նազենի Բաղդասարյանը՝ վարչապետի օգնական: Քաղաքագետ Արմեն Բադալյանը Vesti.am-ի հետ զրույցում՝ հարցին թե ինչո՞վ է պայմանավորում նրանց նշանակումը հենց այդ պաշտոններին՝ ասաց. «Մարդիկ հո փողոցում չէին մնալու: Բնականաբար հենց այդ պատճառով էլ նշանակում է արվել: Թիմակիցներից ով վարչապետի հետ ինչ-որ ճանապարհ է անցել, չի ցանկանում փողոցում թողնել, հատկապես որ աշխատավարձը վճարում է, ոչ թե իր գրպանից, այլ՝ պետբյուջեից: Որևէ հիմնավոր բացատրություն չկա, թե ինչու մարզպետի պաշտոնից հանել և բերել վարչապետի օգնական: Որն էր պատճառը, որ նա դադարեցրեց աշխատանքը մարզպետի պաշտոնում և որն էր պատճառը, որ նշանակվեց օգնական: Եթե որպես մարզպետ վատ էր աշխատում, ապա ինչո՞ւ նոր պաշտոն ստացավ, իսկ եթե լավ էր աշխատում, ապա ինչո՞ւ փոխվեց: Սա վերաբերում է նաև մյուս գործչին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կադրային քաղաքականությունը Հայաստանում կախված է մեկ մարդու ցանկությունից՝ շատ դեպքերում դա ուղղակի բացատրել հնարավոր չէ, կարելի է միայն ենթադրել: Դրանից ելնելով՝ ենթադրում եմ, որ հավատարիմ կադրերին փողոցում չթողնելու համար կարող են նույնիսկ նոր հաստիքներ բացել, ինչ-որ հանձնարարականներ տալ, որ կատարեն: Կադրային քաղաքականությունը Հայաստանում, պետական կառավարման համակարգի տեսանկյունից, անտրամաբանական է, բայց խիստ տրամաբանական է անձիշխան կառավարման համակարգից: Քանի որ տվյալ պաշտոնյաները գլխավոր անձիշխանի դեմ որևէ քայլ չեն արել, դրա համար նրանց ինչ-որ պաշտոն է պետք տալ»,- եզրափակեց մասնագետը:









