Foto

Մահվան մունետիկը

Եկեք համաձայնեք, որ ժամանակի ու տարածության հարաբերությունը հայկական աշխարհում ողբերգական է։ Մասնավորապես՝ ժամանակի հետ երկրից մնացած տարածությունը փոքրանում է, դրանից բացի՝ ժամանակը նաև սպանում է նեղացող տարածքի բնակիչներին (այստեղ հստակեցնեմ՝ հատկապես երիտասարդ բնակիչներին)։

Ըստ էության՝ այդ մահաբեր ժամանակը հաստատվել է կյանքի պատրանքով։ Երկիրը կարծես ապրում է, քաղաքն ակտիվ կյանքի տպավորություն է թողնում, բայց այդ կյանքի մեջ կա մահ, գալիք մահ, մահվան տեսիլք, որով անտեսանելիորեն պարուրված՝ շրջում են երջանիկ երիտասարդները։ Հատկապես երիտասարդները, որոնք օրեր, ամիսներ հետո կարող են մահանալ սահմանին կամ այրվել զորամասի տեղ հրամցվող ինչ-որ տարածքում։

Ցավով պետք է փաստենք նաև, որ մահվան անդադար ներկայություն կա մեր կյանքում, բայց դա սովորական մահվան սովորական ներկայությունը չէ, որ ցանկացած կյանքի անբաժանելի մաս է։ Մեր բաժին մահը անժամանակ մահ է ու մահ է, որ կարող է կանխվել, բայց չի կանխվում, իսկ չկանխված մահը սպանություն է՝ լայն իմաստով։ Առնվազն չկանխամտածված՝ որպես հանդուրժվող սպանություն, բայց նաև մտադիր սպանություն՝ որպես մահ առաջացնող գործողությունների հետևանք։ Այդ գործողությունների, տվյալ դեպքում, անգործության հեղինակն իշխանությունն է՝ անհատապես ու հավաքականորեն։

Վերը շարադրածից հետո մի փոքր ավելի բացենք առկա փակագծերը․ ասվածը եթե ներկայացնենք բացվածքային տարբերակով, ապա կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանն ինքը մահվան խորհրդանիշ է։ Ավելին, ոչ թե կամ միայն խորհրդանիշ է, այլ Փաշինյանը կենդանի մահ է։ Նրա խիղճը, եթե այդպիսին ընդհանրապես գոյություն ունի, ծանրացած է հազարավոր մահերով և եթե նա ապրում է այդ բեռով, ոչ այլ ոք է, քան կենդանի մահը՝ մահվան մունետիկը։

Փաստացի այսօր ապրում ենք մի այնպիսի իրականությունում, որտեղ ոչ թե ապրելու համար պետք է մեռնել, ինչը գոնե հերոսականության նշույլ ունի, այլ հակառակը՝ ապրում ենք մեռնելու համար, որը կյանքի սպառողական տեսակ է ու նաև մահը վիճակագրություն դարձնող շարժընթաց։ Ժամանակի հետ մեր հարաբերության հավասարակշռությունն անդառնալիորեն խախտված է։ Մենք բազմապատիկ ավելի ենք տալիս ժամանակին, քան ստանում ենք նրանից։ Ժամանակը խլում է մեր լավագույն զավակներին, որովհետև ժամանակն է նաև այն իշխանության պատվանդանը, որի պատճառով զոհվում են երիտասարդները։ Ի դեպ՝ հենց նույն ժամանակը հեռացնում է հիշողությունը։ Անցյալի զոհերից մնացած հուշը խամրում է ներկա ու ապագա զոհերի համար տեղ ազատելու նպատակով։

Ժամանակին մի հույն փիլիսոփա կար Էպիկուր անունով, նա պարբերաբար մարդկանց մխիթարում էր, թե մահվանից պետք չէ վախենալ, քանզի մահն ու կյանքը երբեք չեն հանդիպում։ Ստացվում է, որ Նիկոլը քանդում է նաև Էպիկուրի հայտնի տեսությունը և մեր դեպքում այն կարծես չի գործում, որովհետև մեր իրականությունում կյանքն ու մահը հանդիպում են անընդհատ՝ պերմանանետ։

Արմեն Հովասափյան