Foto

Իրանը հայտարարել է՝ թույլ չի տա, որ ամերիկյան զենք տեղափոխվի Հորմուզի նեղուցով

Իրանը թույլ չի տա ամերիկյան զենքի տարանցումը Հորմուզի նեղուցով դեպի Մերձավոր Արևելքի ռազմաբազաներ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։

«Այսուհետ մենք թույլ չենք տալու, որ ամերիկյան զենքը անցնի Հորմուզի նեղուցով և հասնի տարածաշրջանում տեղակայված բազաներ»,- նրա խոսքերն է մեջբերել իրանական Press TV-ն։

Իրանի բանակի ներկայացուցիչը նշել է նաև, որ Հորմուզի արևմտյան հատվածը վերահսկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, արևելյան հատվածը՝ Իրանի բանակի կողմից, և՛ ԻՀՊԿ-ն, և՛ բանակը համակարգված են գործում։

«Այս համակարգված վերահսկողությունը, որը մեծացնում է տարածաշրջանում տիրող իրավիճակը Իրանի կողմից վերահսկելու հնարավորությունը, երկրին կրկնակի ավելի եկամուտ կբերի, քան նավթից է ստացվում»,- ասել է Աքրամինիան՝ վերահաստատելով Իրանի ղեկավարության կողմից բազմիցս հնչած գնահատականները Հորմուզի նեղուցի վերահսկողության և դրանից սպասվող եկամտի վերաբերյալ։