«Բարսելոնայի» նախագահի պաշտոնակատար Ռաֆա Յուստեն խիստ քննադատության է ենթարկել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի վերջին հայտարարությունները: Հիշեցնենք, որ նախօրեին կայացած աղմկահարույց մամուլի ասուլիսի ժամանակ Պերեսը պնդել էր, թե «Ռեալից» յոթ չեմպիոնական տիտղոս են գողացել, ինչպես նաև կատալոնական ակումբին մեղադրել էր կոռուպցիայի մեջ՝ կապված «Նեգրեյրայի գործի» հետ:
«Ֆլորենտինոյի հայտարարություններն ինձ խղճուկ և կեղծ թվացին: Պերեսի փորձերը՝ քողարկելու «Ռեալի» վերջին երկու տարիների մարզական ձախողումները, ապարդյուն են: Յոթ գողացված չեմպիոնություննե՞ր. դա բացահայտ սուտ է: Օբյեկտիվորեն նման բան չկա:
Մենք կպաշտպանենք մեր անունը, քանի որ դա մեր պարտքն է երկրպագուների և ակումբի առջև: Ոչ մի իմաստ չկա նորից խոսել «Նեգրեյրայի գործի» մասին, երբ մենք երկու անգամ դարձել ենք Լա լիգայի չեմպիոն՝ հենվելով մեր ակադեմիայի սաների տաղանդի վրա հիմնված նախագծի վրա: Այս պահին մենք «Ռեալից» առաջ ենք 14 միավորով: Պերեսի այս ամբողջ աղմուկը սեփական անարդյունավետ կառավարումն արդարացնելու փորձ է», — Յուստեի խոսքերն է մեջբերում AS պարբերականը:
Հավելենք, որ Ժոան Լապորտան պաշտոնապես կստանձնի «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը սույն թվականի հուլիսի 1-ից:









