Քանցիս փաստել
ենք, որ ցանկացած աղետալի իրադարձությունից հետո, որոնց պակասը Հայաստանը ցավոք սրտի
չունի, հանրային դիսկուրսում քննարկվում է պաշտոնյաների հրաժարականների հարցը։ Մասնավորապես՝
«նորմալ պետությունում դրանից հետո այսինչ նախարարը հրաժարական կտար», «ավելի նորմալ
պետությունում հրաժարական կտար ամբողջ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ»,
նմանօրինակ հերթապահ արտահայտությունները մեր իրականության մեջ դարձել են աղետների
արձագանքման ռեֆլեքսիայի անբաժանելի մաս։
Թերևս, իհարկե
զուտ ֆորմալ առումով այս պնդումները միանգամայն հիմնավոր են ու արդարացված, քանի որ
որևէ նորմալ պետությունում այս կամ այն ոլորտում տապալում արձանագրվելու դեպքում դրա
ղեկավարն է հրաժարական տալիս, իսկ համընդհանուր ձախողման պարագայում՝ ինչպիսին ՀՀ-ում
է, ողջ իշխանությունը՝ վերևում գտնվողի գլխավորությամբ։ Իրականում, սակայն, այս մեխանիզմները
կենսունակ են համապատասխան միջավայրում միայն և խնդիրն այստեղ բնավ միայն իրական ժողովրդավարությունը
չէ, որը երևույթի գուցե ավելի մակերեսային շերտն է։ Տվյալ դեպքում շատ ավելի կարևոր
է հանրային, քաղաքական, անգամ կենցաղվարական մշակույթը, որում ապրում է տվյալ պետությունը,
և ահա այդ մշակույթում պատասխանատվության ինստիտուտի գործառնականությունը։
Արձանագրենք,
որ անհերքել է, որ պատասխանատվությունը՝ մեզ համար և՛ անհատական մակարդակում, և՛ որպես
հանրություն, խորթ երևույթ է։ Սրանից բխում է, որ ձախողված հարթություններում մենք
ամեն ինչ անում ենք պատասխանատվությունից խուսափելու և ոչ երբեք պատասխանատվություն
կրելու համար։ Պատասխանատվությունը, որ նորմալ հասարակություններում արժանապատվության
արտահայտման կարևորագույն դրսևորում է, մեզ մոտ ճիշտ հակառակ դրսևորումն ունի․ մենք բարձր ենք
գնահատում ոչ թե հանցագործության համար պատիժն արժանապատվորեն կրողին, այլ դրանից խուսափել
կարողացողին (համաձայնեք՝ ավելի հարգված է հարկերից խուսափողը կամ հարևանին խաբողն
ու դրա համար պատասխանատվություն չկրողը)։ Ահա անհատական, կենցաղային մակարդակում այսպիսի
դրսևորումներ ունեցող անպատասխանատվությունը տեղափոխվում է նաև պետական կառավարման
համակարգ ու իշխանության բուրգ, որտեղ գտնվողներն այդտեղ են հայտնվել անհատապես բազմաթիվ
անգամներ պատասխանատվությունից խուսափելու արդյունքում։
Ըստ էության՝
մեր հանրային կյանքն ու պետական կառավարման համակարգը տոտալ անպատասխանատվության կենդանի
մոնումենտ է, ու այս պայմաններում մենք ամեն անգամ հերթապահ կոչերով խոսում ենք այս
կամ այն պաշտոնյայի հրաժարականի մասին՝ իրականում ավելի ամրապնդելով նրանց դիրքերը,
որոնք նույն հանրության կողմից գնահատվում են որպես պատասխանատվությունից հերթական
անգամ բարեհաջող կերպով խուսափելու օրինակներ և արժանանում գուցե չբարձրաձայնվող հիացմունքի։
Անհատական, կենցաղվարական անպատասխանատվությունն օբյեկտիվորեն տեղափոխվում է նաև քաղաքական
հարթություն։ Առաջին հայացքից մեզ թվում է, թե ընտրությունն ընդամենը 4 կամ 5 տարին
մեկ անգամ կազմակերպվող ծիսակարգ է, որը սկսվում և ավարտվում է քվեաթերթիկին ինչ-որ
նշում անելով։ Մենք՝ որպես հանրություն, պատասխանատու չենք զգում մեր կատարած ընտրության
համար։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա իշխանությունը աղետալի պատերազմից հետո նրան ևս մեկ
անգամ ընտրելու հետևանքն է, ավելին՝ 680 հազար ընտրողների գիտակցված գործողության հետևանքը։
Ողբերգականն ու
անդառնալին այն, որ մենք չգիտենք գոնե 68 դեպք, երբ որևէ մեկը պատասխանատվություն է
կրել իր սխալ, աղետալի ընտրության համար։ Ընտրության պատասխանատվության անհատական մեխանիզմ
գործնականում չկա։ Այդ դերը կարող էր և պետք է կատարեր քաղաքական համակարգը, որը կստեղծեր
քաղաքացիների կողմից իրենց կատարած սխալ ընտրության համար պատասխանատվություն կրելու
և այդ սխալն ուղղելու փորձ կատարելու մեխանիզմներ։ Բայց ողջ խնդիրն այն է, որ քաղաքական
համակարգը նույնպես բաղկացած է անպատասխանատվության արժեհամակարգ դավանող անհատներից
ու նրանց խմբերից, որոնք, ինչպես և քաղաքացիները, և ավելի շատ, քան քաղաքացիները, սովոր
են պատասխանատվություն չկրել իրենց քայլերի համար։
Ամփոփելով ընդգծենք,
որ երկրում համատարած անպատասխանատվության ամենաառաջին շահառուն, բնականաբար, իշխանությունն
է, որը ամեն օր արձանագրելով անպատասխանատվության նորանոր ռեկորդներ՝ խթանում է այդ
մթնոլորտն անկարելիության չափ, որովհետև դա է իշխանության պահպանման անտեսանելի, բայց
կարևորագույն աղբյուրներից մեկը։ Անպատասխանատվությունը Փաշինյանի համար հանցանք է,
որը չի պատժվում։ Միևնույն ժամանակ, այն իշխանության անտեսանելի աղբյուր է, որը ավելի
հորդառատ է դառնում անպատասխանատվության յուրաքանչյուր դրսևորումից հետո։
Արմեն Հովասափյան
Լուսանկարը՝ yerevan.today









