Foto

Պարեկական հայրենիքի մղձավանջը

Պարբերաբար ականատես ենք լինում Նիկոլ Փաշինյանի պոռթկումներին, որոնք հաճախ իրենց մեջ ենթատեքստեր և քողարկված ինտրիգներ են պարունակում։ Օրինակ՝ տևական ժամանակ նա բոլորին փորձում էր ցույց տալ, որ աղքատությունը մեր գլխի մեջ է։ Օրերս, սակայն պարզ դարձավ լրիվ ուրիշ հանգամանք։ Հերթական անգամ պարեկների հերթական խմբաքանակի ու դեսպանների մշտական ներկայության պայմաններում, Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանի պրոբլեմները ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ դրանք ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են»։ Ի դեպ՝ այս ամենը ասվում էր պարեկների անիմաստ, դեսպանների շահամոլ և ՆԳ նախարարի հոգեպարար հայացքների ներքո։

Այստեղ հարց է առաջանում, թե իրականում որտե՞ղ են Նիկոլի իրական պրոբլեմները։ Ինչ է ստացվում Փաշինյանը, ունենալով սեփական պրոբլեմների գենեզիսի բացահայտման խնդիր ու չունենալով այդ գենեզիսը բացահայտող, ինքն է զբաղված Հայաստանի խնդիրների խորքերի որոշմամբ, իր կարծիքով՝ երևի իմաստուն ախտորոշմամբ, այն հաշվով, որ նրան գուցե թվում է, թե օրիգինալ բառերի արտասանումը կարող է միտքն ինքնին իմաստուն դարձնել։

Ըստ էության՝ դեսպանները, թերևս, հասկանում են ու հասկանալով են լռում, պարեկները լռում են՝ որպես իրենց կարեցած մտագործունեության ամենաիմաստուն դրսևորում, ինչպես և, գուցե, նախարար ընկերը կամ հակառակը։ Ու լռողներից որևէ մեկը, բնականաբար, չի փորձում հարցնել Նիկոլին, թե ի՞նչ նկատի ունի՝ ԴՆԹ ասելով կամ ի՞նչ է հասկանում, երբ բարբաջում է կարկատանների մասին։ Անհասկանալի ԴՆԹ-երի մասին խոսում է մեկը, ում ԴՆԹ-ն պետք է առաջին հերթին ստուգվի։ Մառազմատիկ է, որ ԴՆԹ-ի մասին խոսում է մեկը, ում պաշտոնավարման ընթացքում երկրում կատարվել են ԴՆԹ-ի միջոցով զոհերի նույնականացման ավելի շատ հետազոտություններ, քան նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ Ինչպես և կարկատանի մասին իրավունք չունի խոսելու այն նույն մեկը, ում պաշտոնավարման ընթացքում ու պատճառով, Հայաստանի քարտեզը վերածվել է իսկական կարկատանների, իսկ Արցախի տարածքի մեծ մասն ուղղակի հատվել է նրանից։

Ինչ ունենք այսօր Արցախն ու Հայաստանը պետականության խեղկատակության կամ խեղկատակ պետականության վերածածը խոսում է ոստիկանությունը «նոր մտածողությամբ» փոխելու, «կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու» մասին։ Այն դեպքում, երբ խոսքն ընդամենը հարկատուների միջոցով գնված թանկարժեք ավտոմեքենաներով ու նոր համազգեստով դանիելիոննիսյանական հավաքագրմամբ խմբված ինչ-որ նեոոստիկանների մասին է, որոնց անիմաստությունն ու անհեթեթությունն ավելի ցցուն ու անբարո է դառնում բանակի խայտառակ պայմանների համապատկերում։

Ստացվում է, որ Նիկոլն այսօր Հայաստանում իրականացնում է այն, ինչի դեմ մինչև վերջին շունչը պայքարում էր հայ մտավորականությունը անցած դարասկզբին, և ինչի մասին այդքան գեղեցիկ, բայց նույնքան ցավալիորեն գրել է Վահան Տերյանը իր «Հոգևոր Հայաստան» մշտարդիական հոդվածում։ Այսօր Փաշինյանը Հայաստանը վերածել է, ինչպես Տերյանն էր ասում, «համազգեստը հագին հայ ոստիկանի մի հայրենիքի»։

Արմեն Հովասափյան