Foto

Ախուրյան համայնքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի պաշտպանների հիշատակին

Երկրապահի օրվա կապակցությամբ մայիսի 8-ին Ախուրյան համայնքի բոլոր բնակավայրերում տեղի են ունեցել հիշատակի միջոցառումներ։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել այն հերոսների հուշարձաններին, ովքեր անձնուրաց պայքարել են հանուն հայրենիքի պաշտպանության և հաղթանակների։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ախուրյանի համայնքապետարանից, արարողությունների ընթացքում համայնքի ղեկավարության, երկրապահ կամավորների և բնակիչների մասնակցությամբ հարգանքի տուրք է մատուցվել մայիսյան հաղթանակների խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների մոտ։ Մասնակիցներն այցելել են նաև պանթեոն, որտեղ խնկարկել են հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց անմահ հիշատակին՝ աղոթք բարձրացնելով նրանց հոգիների խաղաղության համար։

Ներկաները ևս մեկ անգամ արժևորել են հայ զինվորի, երկրապահի և ազատամարտիկի դերն ու նվիրումը հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։