Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր պաշտոնում՝ չնայած մունիցիպալ ընտրություններում Լեյբորիստական կուսակցության անհաջողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը։
«Ոչ։ Ես չեմ պատրաստվում հեռանալ», – պատասխանել է Սթարմերը իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ լրագրողների հարցին։
Սթարմերը հայտնել է մինչև իր հնգամյա ժամկետի ավարտը վարչապետ մնալու իր մտադրության մասին։
«Այսօրվա նման դժվար օրերը չեն նվազեցնի խոստացած փոփոխություններին հասնելու իմ վճռականությունը», – հավելել է նա։
Սթարմերը նաև նշել է, որ իրենք որոշ սխալներ են թույլ տվել, սակայն միևնույն ժամանակ ճիշտ որոշումներ են կայացրել տնտեսությունը կայունացնելու, հանրային ծառայություններում ներդրումներ կատարելու և Իրանում պատերազմի մեջ չներքաշվելու առումով։
Իր հերթին, «Բարեփոխել Միացյալ Թագավորությունը» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը արդյունքները որակել է «իրապես պատմական փոփոխություն բրիտանական քաղաքականության մեջ»։
«Մենք այնքան սովոր ենք քաղաքականության մասին մտածել «աջ» և «ձախ» կատեգորիաներով, այնուամենայնիվ, Ռեֆորմը (իր ղեկավարած «Բարեփոխել ՄԹ-ն» կուսակցությունը) կարողացավ հաղթել այնտեղ, որտեղ միշտ եղել են պահպանողականները։ Միևնույն ժամանակ, մենք նաև ապացուցեցինք, որ կարող ենք հաղթել այն ոլորտներում, որտեղ գերիշխել են լեյբորիստները», – հայտարարել է Ֆարաժը։
Ձայների շուրջ մեկ քառորդի հաշվարկի արդյունքներով՝ «Բարեփոխել Միացյալ Թագավորությունը» կուսակցությունն ընտրություններում 390 տեղ է ստանում մունիցիպալ խորհուրդներում։ Լեյբորիստները և Պահպանողական կուսակցությունը ստանում են 253-ական տեղ։
Ներկա դրությամբ հայտնի է, որ լեյբորիստները կորցրել են վերահսկողությունը Անգլիայի ինը մունիցիպալ խորհուրդների նկատմամբ, որտեղ նրանք զրկվել են ավելի քան 250 տեղից։ Պահպանողականները նույնպես կորցրել են դիրքերի զգալի մասը։
Վերջնական արդյունքները սպասվում են մայիսի 8-ին ավելի ուշ։









