Հետևելով աշխարհաքաղաքական
դեպքերի զարգացումների գլոբալ ընթացքին՝ կարող ենք տրամաբանել, որ այսօր ԵՄ՝ հավաքական
Արևմուտքի հովանու ներքո, կարծես, Հայաստան-Ադրբեջան բանակցային նոր փուլ սկսելուն ուղղված
ջանքեր են ներդրվում: Օրերս հայտնի դարձավ, որ մեկօրյա այցով Երևանում էր Հարավային
Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Կլաարի
այցին զուգահեռ հայտնի դարձավ, որ ԵՄ Խորհուրդը վերջնական համաձայնության է եկել Հայաստանում
ԵՄ քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին (EUMA)՝ Համընդհանուր անվտանգության
և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում:
Համաձայն ԵՄ հաղորդագրության,
առաքելության նպատակն է՝ նպաստել ՀՀ սահմանամերձ շրջաններում կայունության և վստահության
ձևավորմանը, ապահովել ԵՄ կողմից աջակցվող՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների
կարգավորմանը: Նշվում է, որ ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը
կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչի շնորհիվ ԵՄ-ն
ավելի հիմնավոր պատկերացում կունենա տեղում իրավիճակի մասին: Հավելենք նաև, որ առաքելության
գործունեությանը ժամկետը երկու տարով է:
Այս շրջանում որոշակի
ակտիվություն դրսևորող հայ-արևմտյան շփումների նոր փուլի ֆոնին հարկ է հիշեցնել հունվարի
18-ին տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ ամերիկյան
կողմի հաղորդագրության, քննարկվել էին Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու
2 քննարկված քայլեր: Ընդգծենք, որ Բլինքեն-Ալիև
հեռախոսազրույց տեղի չի ունեցել, ինչն ուշագրավ հանգամանք է, երբ խոսվում է հստակ քայլերի
մասին, որոնք միտված են բանակցությունները վերսկսելուն: Ըստ էության, դիվանագիտության
մեջ ընդունված է համարել, որ բանակցություններում քայլերը միակողմանի չեն արվում։
Դատելով հայ-արևմտյան շփումների տեղեկատվական ներկայիս տրամաբանությունից,
Արևմուտքը Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վերսկսման հարցում մեծ հույսեր
է կապում Հայաստանի հետ: Ակնհայտ է, որ Արևմուտքը ողջ թափով և ռեսուրսով աշխատում է
Հարավային Կովկասում բանակցությունները ԵՄ հովանու ներքո վերսկսելու համար: Փաստացի, այսօր դրանով են զբաղված ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ի պաշտոնյաները, այդ խնդրին է ծառայում
նաև ԵՄ առաքելությունը: Ի դեպ՝ չի բացառվում, որ Արևմուտքն իր հերթին որոշակի կոնկրետ
քայլեր ակնկալի Հայաստանից, դեռևս դժվար է
ասել, թե կոնկրետ ինչ հարցերում: Ասվածը կարող ենք դիտարկել հատկապես հայտնի ճշմարտության տիրույթում՝ քաղաքականությունը գործարք է, և եթե ԵՄ-ն հստակ ռեսուրս
է հատկացնում մեզ և, ընդհանուր առմամբ, ողջ հարավկովկասյան տարածաշրջանին, ապա դրա փոխարեն՝
ինչ-որ ակնկալիքներ ունի, և սա նույնիսկ բնական
է:
Ըստ էության՝ չի բացառվում
նաև, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը ներկայումս
հակված է ռուսական միջնորդությանը, հենց այդ պատճառով այս հարցով Ադրբեջան-Արևմուտք
երկխոսությունն այդքան ակտիվ չէ: Այնուամենայնիվ, Արևմուտքի այս փորձերը, չի բացառվում,
որ հաջողության հասնեն, քանի որ ՌԴ արտաքին քաղաքական օրակարգում այսօր այս հարցերը
երկրորդական ու երրորդական նշանակություն ունեն։ Համաձայնեք՝ առաջին հայացքից բարդ
է ասել, թե ինչպես կծավալվի երկխոսությունը, քանի որ տեսանք, որ եվրոպական հարթակում
երկխոսությունը շարունակվեց մոտ մեկ տարի, սակայն ինչ-որ պահի այն մտավ փակուղի, ինչպես հաճախ տեղի է ունենում
այս հակամարտությունում: Սակայն Արևմուտքն այս տրամաբանությունը ևս ընկալեց, ու չի
բացառվում, որ փորձի արագացնել գործընթացները՝ ժամանակ չկորցնելու նպատակով։
Արմեն Հովասափյան









