Foto

Բաժանում է, որ տիրի, իսկ մենք համաձա՞յն ենք

«Սիրո և համերաշխության» կարգախոսով իշխանությունը բռնազավթած Նիկոլ Փաշինյանն անցած շուրջ հինգ տարիներին կարողացավ երկրում արմատավորել ատելության և անհանդուրժողականության այնպիսի չափաբաժին, որպիսին չէր եղել նորանկախ Հայաստանի պատմության ավելի քան քսանհինգ տարիների ընթացքում։ Չնայած կարգախոսի գեղեցկությանը՝ նրա՝ նախ իշխանության գալու, ապա՝ իշխանությունն ամրապնդելու ճանապարհը հիմնված էր առավելագույն չափի հակադրության և ատելության սերմանման սկզբունքի վրա։

Ըստ էության՝ Փաշինյանը հանրության մեջ ներդրեց անկարելի բաժանարար գծեր՝ «նախկիններ-ներկաներ», «սևեր-սպիտակներ», «ազնիվներ-թալանչիներ»։ Այս բոլոր տարանջատումների շարքում, սակայն, կար մեկը, որն առանցքային նշանակություն էր ունեցել Նիկոլի ողջ ընդդիմադիր գործունեության ընթացքում, հետևաբար՝ նա չէր կարող դրանից հրաժարվել նաև արդեն իշխանության գալուց հետո։ Խոսքը վերաբերում է «հայաստանցի-ղարաբաղցի» հակադրությանը, որի մասին Փաշինյանը գոնե իր դեմքով, իհարկե, նախընտրեց չխոսել, սակայն քարոզչական միջոցներով, իրեն սերտաճած զանազան միավորների կողմից ամրապնդեց այդ տարանջատումն այնքան ու այնպես, որ Արցախի և ՀՀ իշխանությունների միջև հակասությունն այլևս տեղափոխվել է հրապարակային դաշտ։ Այլ կերպ ասած, հակաարցախականությունը Նիկոլ Փաշինյանն արդեն դարձրել է պետական քաղաքականության բաղադրիչ և այլևս չի թաքցնում դա։

Այստեղ պետք է փաստենք մի կարևոր հանգամանքընդհանրապես Փաշինյանի գործողությունների դրդապատճառները գրեթե անհնար է հասկանալ զուտ քաղաքական, գործնական չափումներով, մեծ է հավանականությունը, որ այս ամենում առանցքային տեղ ունեն նաև (չի բացառվում՝ առաջին հերթին) հոգեբանական գործոններն ու բարդույթները։ Գնահատելու համար, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հրաժարվել Արցախից, կարևոր է հասկանալ, թե որոնք են նրա առաջնահերթությունները կամ գերակայությունները՝ որպես անհատ և որպես քաղաքական գործիչ։

Եկեք տվյալ հարցի ենթատեքստում դիտարկենք, թե ի՞նչն է նրա համար առաջնային՝ պետությունը, թե՞ իշխանությունը։ Այս հարցի պատասխանը, ըստ էության, տալիս է մնացյալ բոլոր հարցերի պատասխանները։ Ըստ էության՝ Նիկոլը հարյուրավոր օրինակներով ապացուցել է, որ իր համար բազմապատիկ ավելի կարևոր է սեփական իշխանության պահպանումը, քան պետությունն ու պետականությունը։ Հակառակ դեպքում, առնվազն հրաժարական կներկայացներ՝ Արցախին գոնե տեսական շանս տալով փրկվելու այն կործանումից, որին անշեղորեն մոտենում է՝ իր իսկ իրականացրած քաղաքականության պատճառով։

Ինչպես հայտնի է, 44–օրյա պատերազմից հետո Փաշինյանն Արցախի նկատմամբ գրեթե իշխանություն չունի: Նա Արցախը փաստացի հանձնել է ռուսներին (առայժմ)։ Սակայն, մինչև նախորդ տարվա սեպտեմբերը, Փաշինյանին գուցե թվում էր, թե Արցախում շարունակում է գոնե մասամբ պահպանել իշխանությունը՝ Արայիկ Հարությունյանի միջոցով։ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար դառնալուց հետո, Փաշինյանը Արցախում իր իշխանությունը թերևս վերջնականապես կորսված է համարում, ինչի պատճառով էլ Արցախն այլևս նրան չի հետաքրքրում։ Համաձայնեք՝ այս մոտեցումը, պարզունակ ու ապաբարոյական լինելով հանդերձ, չափազանց վտանգավոր է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի համար։

Միանշանակ է, որ Նիկոլի համար իշխանություն ունենալը կարևոր է ոչ միայն ու ոչ այնքան բովանդակային, որքան ձևական հարթությունում։ Նա վայելում է իշխանության ատրիբուտիկան (թիկնապահներ, զրահապատ մեքենաներ, թանկարժեք վերանորոգված պետական ամառանոց և այլն), ակնհայտորեն հաճույք է ստանում դրանից՝ գրեթե չմտահոգվելով իշխանության բովանդակության ու արդյունավետության մասին։ Այնպես չէ, որ այդ բովանդակությունն ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին չի հուզում, իհարկե  հուզում է, բայց զուտ այնքանով, որքանով անսասան է պահում իշխանության ձևական կողմը։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է իշխանությունից կառչած մնալ անգամ այն դեպքում, երբ այդ իշխանությունը տարածվի, ասենք, միայն Երևանի նկատմամբ։ Ավելին՝ Փաշինյանին առանձնապես չի հուզելու, որ այդ դեպքում ինքը երթևեկելու է արդեն միանգամայն այլ դրոշ կրող ավտոմեքենայով՝ այստեղ կարևորը «շեֆ ջան» լսելն է։

Արմեն Հովասափյան