Foto

Հայաստանում հարցումների համաձայն՝ քաղաքացիները բարձր վստահություն ունեն ՆԳՆ և ոստիկանության աշխատանքի հանդեպ

ԵԱՀԿ-ի պատվերով Հայաստանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ քաղաքացիները ոստիկանության հանդեպ բավական բարձր վստահության մակարդակ ունեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության  2026 թվականի արդյունքներով հարցվողների 52.8 %-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է ոստիկանությանը, 21.8%-ը ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը գնահատել է միջին, ոստիկանությանը չվստահող հարցվողներն էլ կազմում են 21.2%:  

ՆԳ նախարարությանը լիովին և գրեթե վստահում է հարցվողների 54.3%-ը։ 66.6 %-ը համաձայնել է, որ ոստիկանությունն արագ արձագանքում է կանչերին, 61.6 %-ն էլ գտնում է, որ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ ցուցաբերում է արդար և հարգալից վերաբերմունք։  

Հարցվողների գերակշիռ մասը՝ 65.4 %-ը, այս կամ այն չափով բավարարված է ոստիկանության կողմից ճանապարհային անվտանգության  ապահովման, 62 %-ը՝ քաղաքացիների անվտանգության ապահովման, իսկ 58.3%-ը՝ հանրային հավաքների ընթացքում հասարակական կարգի պահպանման արդյունավետությամբ։

Հարցվողների բավարարվածության մակարդակն ամենացածրն է թմրամիջոցների հետ կապված անօրինական գործողություններին ոստիկանության արձագանքի արդյունավետության հարցում։  

Գնահատելով ոստիկանության աշխատանքում կատարված փոփոխությունները՝ հարցվողների կեսից ավելին՝ 54.4 %-ը, նշել են, որ նկատել են ոստիկանության աշխատանքի բարելավում։

2026 թվականի հետազոտության շրջանակներում համակարգում  կանանց ներգրավվածության առումով հարցվածների 48%-ը համաձայնել է այն մտքի հետ, որ անհրաժեշտ է ավելի մեծ թվով կին ոստիկաններ ունենալ։

ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, ԵԱՀԿ  Քարտուղարության ղեկավարի տեղակալ Քեթրին Ֆերոնի խոսքով՝ ԵԱՀԿ-ի համար այս հարցումները չափազանց կարևոր են։  

«Այն կարևոր գործիք է հաշվետվողականությունն ապահովելու, հետագա քաղաքականությունը մշակելու համար։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս նվիրվածություն և աշխատանք այս ոլորտում։ ԵԱՀԿ-ն նվիրված է  բարեփոխումների օրակարգին, և մենք պատրաստ ենք Ներքին գործերի նախարարությունն աջակցել հետագա գործողությունների հարցում»,-ասաց նա։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ դրական իմաստով շատ ու շատ ցուցանիշներով աճ կա ոստիկանության նկատմամբ վստահության տեսանկյունից։

«Ուրախ եմ, որ ՆԳՆ նկատմամբ վստահության աճ ունենք, որովհետև շատ հաճախ մենք քննարկում ենք, որ բարեփոխումների շրջանակներում մեզ համար մարտահրավերային է ճիշտ դերաբաշխում իրականացնել և ճիշտ հանրային ընկալում ձևավորել նախարարության և նախարարության ենթակա պետական մարմինների շրջանակներում, և շատ կարևոր է, որ մեր հանրությունը սկսել է շատ ավելի ճիշտ ընկալել նախարարության գործառույթները»,-ասաց նախարարը։

Հարցումներն անցկացվել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության պատվերով՝ «ԱրԻնսայթս» անկախ հետազոտական կազմակերպության կողմից։ Հարցումներին մասնակցել է 1812 հարցվող՝ Երևանից և մարզերից բջջային հեռախոսահամարներին զանգեր կատարելու միջոցով։