Հայաստանի կրթության, գիտեւթյան, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում անդրադարձել է առաջիկա օրերին մեկնարկող պաշտոնական քարոզարշավին՝ ընդգծելով, որ չի թույլատրվելու կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ։
«Կրթության մարդիկ պետք է զբաղվեն կրթությամբ։ Սա չի նշանակում, որ որևէ մեկը որպես քաղաքացի պետք է չունենա և չարտահայտի իր դիրքորոշումը, բայց կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ՝ չի՛ թույլատրվելու: Ահազանգի պարագայում յուրաքանչյուր դեպքի մասով օրենքը գործելու է ամբողջ խստությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանն ուսումնական հաստատություններում աշխատող բոլոր քաղաքացիներին խստորեն զգուշացրել է պահպանել օրենքի պահանջը՝ ուսումնական գործընթացը զերծ պահելով քաղաքական քարոզչությունից:
Նա ընդգծել է, որ նախորդող տարիներին փոխվել են կրթության ոլորտի բոլոր օրենքները, և շատ հստակ մեխանիզմներ են նախատեսվել նման գործունեության պարագայում՝ սկսած աշխատանքի ազատումից մինչև մանկավարժական գործունեության իրավունքի սահմանափակում։
«Մենք, ըստ անհրաժեշտության, այդ բոլոր քայլերը ձեռնարկելու ենք և հետևողականորեն արձագանքելու ենք բոլոր ահազանգերին»,- հավաստիացրել է նախարարը:









