Foto

Քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի նախագահ Խոնդկեր Մ. Թալհանին, որը Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ողջունելով հյուրին՝ Քրիստինա Թաթարյանը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ արդյունավետ գործընկերությունը՝ անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման, կրթության զարգացման և մարդկային կապիտալի հզորացման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությանը։ Նա ընդգծել է մշակույթի և կրթության դերը խաղաղության ամրապնդման գործում՝ կարևորելով խաղաղության մշակույթի ձևավորմանն ուղղված նախաձեռնությունները և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցի ընդլայնումը Հայաստանում։

Անդրադառնալով երիտասարդական քաղաքականությանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում երիտասարդական կենտրոնների գործունեությունը՝ ընդգծելով ոչ ֆորմալ կրթության և երիտասարդների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Նա ներկայացրել է նաև Հայաստանում նորարարական կրթության զարգացման փորձը՝ առանձնացնելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունն ու միջազգային ճանաչումը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի նախագահ Խոնդկեր Մ. Թալհանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը մշակութային ժառանգության պահպանության և կրթության զարգացման ուղղությամբ՝ շնորհավորելով Հայաստանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեում ընտրվելու կապակցությամբ։

Նա բարձր է գնահատել նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը՝ ընդգծելով, որ միջազգային այս կարևոր միջոցառման անցկացումը Հայաստանում կնպաստի երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։ Այս համատեքստում կողմերն անդրադարձել են նաև կենսաբազմազանության պահպանության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոցների համաշխարհային ցանցի շրջանակում համագործակցության հնարավորություններին։

Հանդիպման ավարտին կարևորվել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացումը։