Պետությունները, հասարակությունները, բացի սահմանադրական, իրավական կառուցակարգերից, գոյատևում ու զարգանում են նաև դրանցում գեներացվող մտավոր ներուժով։ Պարզելու համար, թե ինչպիսին է պետությունը, և, հատկապես, ինչպիսի հեռանկար կարող է այն ունենալ, պետք է փորձել հասկանալ, թե ինչ գաղափարներ, իսկ ավելի լայն առումով, ինչ իմաստներ են ստեղծվում տվյալ երկրի ու հանրության շրջանում։ Գաղտնիք չէ, որ իմաստների ստեղծման գործընթացը, իհարկե, ունի տարերային ընթացք: Այնպես չէ, որ ինչ-որ մարդիկ կամ խմբեր հավաքվում են որևէ տարածքում և զբաղվում են իմաստների կամ գաղափարների արտադրությամբ։ Կարևոր է, որ անհատական, խմբային, մասնագիտական առանձին շրջանակներում ծնվող իմաստներն ունենան եթե ոչ՝ նպատակային ընդհանրություն, ապա՝ հանրային ու պետական կյանքում իրացման գործնական հնարավորություն։
Ըստ էության՝ մեր հասարակությունը,
ինչպես ցանկացած հանրույթ, բազմաշերտ է, բազմատարր ու տարասեռ։ Մենք ունենք և՛ մտավոր
ու գիտական, և՛ արվեստի, մշակույթի ոլորտներում այս կամ այն չափով կայացած անհատներ,
մասնագիտական խմբեր, որոնց շրջանում, վստահաբար, ստեղծվում են կարևոր իմաստներ։ Բայց
մենք չունենք գիտական աշխատություններում ու գրական երկերում, արվեստի բազմազան ճյուղերում
ու մտագործունեության մյուս ոլորտներում ստեղծվող իմաստները հավաքական գաղափարների,
հանրության ու պետության զարգացման մոտիվատորների վերածելու պայմանական մեխանիզմը։
Իրականում դրա պատճառներն անսահմանորեն շատ են՝ սկսած միջվերնախավային կապերի թուլությունից՝
մինչև իմաստների նկատմամբ հանրային անտարբերությունը։ Բայց գլխավոր պատճառներից մեկն
այն է, որ պետությունը, պետական նոմինալ վերնախավը պոտենցիալ իմաստաստեղծ շրջանակներին
չի ներկայացնում իմաստների, գաղափարների կոնկրետ պահանջարկ, որովհետև ցանկացած իմաստ
կամ դրա վրա հիմնված բանավեճ, ինքնին, ցածրարժեքության վրա հիմնված գործող իշխանության
թշնամին է։
Ստեղծված իրավիճակում,
մենք տեսնում ենք, որ իմաստների պահանջարկ չի ներկայացնում նաև քաղաքական համակարգն
ընդհանուր առմամբ, քանի որ, ինչպես իշխանությունը, այնպես էլ նոմինալ ընդդիմությունը
հզոր է իր անիմաստությամբ։ Հենց դա է նաև այդ
պատճառներից մեկը, որ Հայաստանում կա անսահման մեծ խզում պայմանականորեն իմաստներ ստեղծող
խավերի ու խմբերի, և գործնական առումով այդ իմաստները կյանքի կոչելու, առարկայացնելու
գործնական հնարավորություններ ունեցողների միջև։ Ասվածի փայլուն դրսևորում է նաև մեր
քաղաքական դիսկուրսի դատարկության, անբովանդակության պատճառը։ Քաղաքական ու իշխանական
համակարգը ոչ միայն իմաստներ ստեղծող չէ, այլև վանում է իմաստ ունեցող ամենայնը։
Ի դեպ՝ այս ամենին, ուղղակի
կերպով, մեծապես նպաստում են նաև սոցցանցերը, իսկ որպես դրա հետևանք՝ հասարակության ատոմիզացիան
և բազմաթիվ այլ երևույթներ։ Արդյունքում՝ մենք, որպես հասարակություն, գաղափարներ,
մեծ հաշվով, չենք ստեղծում, մեր ստեղծած մտքերը մնում են նեղ, խմբային հարթությունում՝
ավելի ընդգծելով այն անիմաստությունը, որն առկա է ավելի գլոբալ հանրային մակարդակում։
Միանշանակ է, որ այս իրավիճակը
հաղթահարելու համար, թերևս, պետք է փորձել հասկանալ անգաղափար ապրելու իմաստը, որը,
հնարավոր է՝ այդքան էլ հաճելի զգացողություններ չպատճառի։ Բայց իմաստները պարտադիր
չէ, որ հաճույք պատճառեն, ինչպես որ ճշմարտությունը, որից մենք անդառնալիորեն հեռացել
ենք նաև անգաղափարականության բերումով։
Արմեն Հովասափյան









