Նիկոլ Փաշինյանի հերթական կլոունադան, որը նա հանրության վրա որպես ասուլիս ծախեց,
իր սովորության համաձայն, բաղկացած էր անհամար հակասություններից ու մանիպուլյատիվ
թեզերից։ Դրանք հիմնականում վերաբերում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման
պատմությանը, Փաշինյանի ստացած բանակցային ժառանգությանը, որը նա ամեն կերպ փորձում
է արժեզրկել՝ արդարացնելու համար արցախյան 44-օրյա պատերազմում կրած ողբերգական պարտությունն
ու ձերբազատվել դրանում ունեցած սեփական մեղավորությունից։
Նիկոլի քայլերին
հետևողների համար պարզ է, ու հայտնի, որ նրա հիմնական թեզն այն է, որ արցախյան պատերազմն
անխուսափելի էր, որ ամբողջ աշխարհը Արցախը ճանաչում էր որպես Ադրբեջանի մաս, և, որ
հնարավոր չէր հաղթահարել դա՝ ինչպես ինքն էր ասում, դեմ գնալով ողջ միջազգային հանրությանը։
Բայց իրականությունը, իհարկե, միանգամայն այլ է և ջախջախում է Փաշինյանի ինքնարդարացնող
թեզերը։ Եթե աշխարհի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում անվերապահորեն ճանաչելու փաշինյանական
պնդումն իրական լիներ, ապա կստացվեր, որ շուրջ 30 տարի նույն միջազգային հանրության
ամենաբարձր մակարդակով՝ ՄԱԿ-ի մանդատով գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն ուղղակի
իմաստ չուներ, այն դեպքում, երբ վերջինս զբաղվում էր հենց Արցախի կարգավիճակի խնդրով։
Փաշինյանի թեզերի ու իրականության տարբերությունները, իհարկե, բազմաթիվ են։ Բայց խնդիրն
անգամ առանձին թեզերի քննությունը չէ, այլ այն ընդհանուր նպատակադրումը, իր խոսքերով
ասած, այն խորքը, որով Նիկոլը փորձում է արդարացնել սեփական մեղավորությունը։
Ըստ էության՝
հանդես գալով պատերազմի անխուսափելիության ելակետից, Նիկոլը փորձում է ապացուցել, թե
քանի որ իրադարձությունների այդ ընթացքն անկասելի էր, ինքը՝ որպես երկրի ղեկավար, փորձել
է և հասել առավելագույն հնարավոր արդյունքին կամ նվազագույն կորուստներին, բայց հենց
այդտեղ է Փաշինյանի ամենամեծ խաբեությունը։ Նա փորձում է հանրությանը համոզել, թե ով
էլ լիներ իր փոխարեն, ստացվելու էր նույն ողբերգական ելքը։ Մինչդեռ իրականությունն
այն է, որ արցախյան հարցում Փաշինյանի ստացած ժառանգությունը, դրա հիման վրա ղարաբաղյան
հակամարտության կարգավորման խելամիտ քաղաքականության կառուցումը կարող էր ապահովել
եթե ոչ՝ առավելագույն արդյունք, ապա առնվազն՝ նվազագույն կորուստներով ելք։ Առաջին հերթին առանց այն հազարավոր զոհերի, որոնք նահատակվեցին
ազգային պատուհասի արկածախնդրության, «սեփական կետից սկսելու» պատճառով, բայց նաև՝ պահպանելով
ռազմավարական նշանակության տարածքներ ու եթե ոչ՝ վերջնական, ապա՝ առնվազն միջանկյալ
կարգավիճակ։
Ի դեպ շատ կարևոր
է փաստել, որ այդ հնարավորությունը ոչ թե բխում էր հայկական առավելապաշտությունից կամ
անիրատեսականությունից, և, որովհետև այդ հարցում Հայաստանը դաշնակիցներ չուներ, ինչպես փորձում
է ներկայացնել Նիկոլ Փաշինյանը։ Ճիշտ հակառակը, այդ մոտեցումը գործնականում հավանության
էր արժանանում միջազգային հանրության, առնվազն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից։
Ասվածի մասին Փաշինյանի հետ զուգահեռ իր ասուլիսում ամենաուղիղ տեքստով հայտարարել է Իլհամ Ալիևը։
«Հայաստանը նախկինում հրաժարվել է քննարկել Լաչինի (Քաշաթաղի) ու Քարվաճառի վերադարձի
հարցը։ Ցավոք սրտի, ՄԽ նախկին համանախագահներն էլ էին նույն կարծիքին ու մտածում էին,
որ այդ շրջանները պետք է մնային Հայաստանին»,- ասել է նա։
Փաստենք, որ ասվածն
առաջին հայտարարությունը կամ բացահայտումը չէ, որ ապացուցում է Փաշինյանի ստացած բանակցային
ժառանգության հայանպաստ հնարավորությունները, այդպիսիք հնչել են նաև նախկինում, ինչպես
նույն Ալիևի, այնպես էլ համանախագահների կողմից։ Ըստ էության՝ դրանք գալիս են ապացուցելու,
որ Նիկոլը՝ սեփական անձը փրկելու էժանագին մղումներով, արժեզրկում է տասնամյակների
այն ինստիտուցիոնալ աշխատանքը, որի արդյունավետ շարունակությունը կարող էր ապահովել
արցախյան հիմնախնդրի հայանպաստ ու պակաս կորստաբեր լուծում։ Նա ամբողջությամբ տապալել
է այդ ժառանգությունը՝ ներքաղաքական պայքարում հաղթելով դրա կրողներին, իսկ արդեն պատերազմում՝ պարտվելով Ալիևին, ով պատրաստ էր ամեն ինչ տալ՝ միայն թե Հայաստանը հրաժարվեր այդ ժառանգությունից։
Արմեն Հովասափյան









