Նրանք, որոնք ասում են, որ Ադրբեջանի կազմում Արցախը տեսնում են, ես իրենց տեսնում եմ՝ ադրբեջանական բանտերում։ Ադրբեջանի կազմում Արցախը չի կարող լինել և դա որևէ մեկի որոշելիքը չէ, դա միայն Արցախի ժողովրդի որոշելու հարցն է, մենք որոշել ենք և վճռական ենք՝ որոշումը պաշտպանելու։ Այս մասին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց հրավիրված ասուլիսում ասաց Արցախի Պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որն անժամկետ նստացույց է հայտարարել։
Բեգլարյանի դիտարկմամբ՝ միջազգային հանրությունը պարտավորությունի ունի թույլ կողմին աջակցելու, առավել ևս, որ դա մեր կենսական իրավունքներից է բխում։
«Ես նպատակ չունեմ որևէ շարժում առաջնորդելու, նպատակ ունեմ՝ կայծ տալու, լիցք տալու մեր հասարակությանը, որ հասկանան, որ իրոք ծայրահեղ հումանիտար աղետի առաջ, մենք այլևս ժամանակ չունենք կորցնելու, որևէ տեղ որևէ հարցում զիջում չունենք անելու, մենք էթիկայի ու կոռեկտության զոհ չպետք է դառնանք այլևս »,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ կարևորելով, որ բողոքի ակցիաներ պետք է իրականացվեն դեսպանատների առջև, որ իրենք էլ հասկանան՝ հայաստանյան հասարակությունը չի համակերպվում այս իրավիճակի հետ, հայաստանյան հասարակությունն ունի կոնկրետ իրավունքներ, պահանջատեր է, որ իր հայրենիքը, իր հայրենակիցներին միջազգային հանրությունը պաշտպանի։ Բեգլարյանը նույնն ակնկալում է նաև Սփյուռքից, գտնում է, որ պետք է ոտքի կանգնեն, շարունակական պայքար ունենան՝ պահանջելով նաև սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։
Բեգլարյանը, դիմելով արցախցիներին, կոչ արեց ամուր մնալ, որևէ զրկանքից չվախենան. «Մենք դա տեսել ենք 1991-92թթ, մենք վեց ամիս շարունակ տեսել ենք շրջափակում, ռմբահարումներ, սով, բայց մենք հաղթահարել ենք, կարողացել ենք մեր կենսական շահերն ու իրավունքները հայ ժողովրդի համախմբման շնորհիվ պաշտպանել, նույնը կարող ենք անել հիմա։ Պետք է ուղղակի դիմանալ, որովհետև մենք իրավունք չունենք զիջելու, Ադրբեջանն անընդհատ ուզում է նոր զիջում, որից հետո մի օր ասելու է՝ դուրս եկեք ու ռադ եղեք այստեղից։ Հետևաբար, մենք մեր հայրենիքի տերն ենք, Արցախի ժողովուրդն ամուր է կանգնած Արցախում, մենք պետք է պարզապես զգանք, որ մենակ չենք»։ Բեգլարյանն ընդգծեց՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում , Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, որն արդեն արձանագրվել է, ինչպես նաև՝ Ադրբեջանում վարվում է համապետական հայատյացության քաղաքականություն, որն արձանագրվել է նաև ՄԻԵԴ որոշումներով։









