Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները քվեարկությանը մասնակցելու համար կարող են լիազոր մարմին ներկայացնել դիմում՝ ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու վերաբերյալ։
Դիմումները կընդունվեն ընտրատեղամասերի ձևավորումից հետո (ապրիլի 23-ից)։ Հետևապես՝ դիմումը պետք է ներկայացնել լիազոր մարմին՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ մինչև ժամը 14:00-ն՝ այսինքն՝ մինչև մայիսի 26-ը։
Դիմումը ներկայացվում է ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին՝ նշելով քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի հասցեն։
Դիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով։ Էլեկտրոնային դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:
Ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու, ինչպես նաև՝ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ ծանուցման ձևերը և կարգը սահմանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։









