Foto

Լաչինի միջանցքը Երևանում է փակվել

Ցավալի իրողություն է, բայց դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ այն՝ ինչի մասին տևական ժամանակ բարձրաձայնում ու ահազանգում էին մի շարք փորձագետներ ու ոլորտային մասնագետներ։ Արցախը պարալիզացվեց, օրը ցերեկով՝ միջազգային հանրության ու համայն աշխարհի աչքի առաջ։ Արդեն երկու օր է՝ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը ու չեն բացում․ ըստ էության՝ չեն էլ բացելու, եթե անգամ հավաքվեն-գնան, միևնույն է, միջանցքը չի բացվելու։ Չէ, արցախցիները գուցե էլի դրանով կապվեն Հայաստանի հետ, բայց Հայաստանի հետ Արցախի կապը մնալու է փակված։ Փաստն այն է, որ՝ ՀՀ իշխանությունների անատամ ու անսեռ քայլերի հետևանքով, Արցախն այսօր կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։ Նախօրեին հայտնի դարձավ, որ դադարեցվել է նաև Արցախ մատակարարվող գազամատակարարումը՝ երկրի ներսում ստեղծելով հումանիտար ճգնաժամ։

Միջանցքը փակված է մնալու, որովհետև ադրբեջանցիները ճանապարհ չէ, որ փակել են, որքան էլ մենք փակված ճանապարհ ենք տեսնում։ Ադրբեջանցիները Լաչինում ցուցադրական կապիկություն են անում, իսկ չերևացողները այդ կապը կտրել են Երևանում, հայկական բոլոր այն գյուղերում ու քաղաքներում, որոնցում ապրողներիս միտքն ու մտածումը փակվել է Արցախի առաջ։

Միանշանակ է, որ այսօր Լաչինի փակված ճանապարհը Երևանում գտնվողների մտքերի, սրտի ու հոգու փակվածության ուղիղ արտացոլանքն է։ Արցախի գոյությունն ու արցախցիների ճակատագիրը  ռուսներին, ադրբեջանցիներին, թուրքերին ու ֆրանսիացիներին,  Հայաստանից բացի, բոլորին հանձնելու ուրացումը ու այդ ուրացումը հանդուրժելու արտացոլանքը գտվում է Երևանում։ Լաչինի միջանցքը չի բացվելու այնքան ժամանակ, քանի դեռ Երևանի իշխանական միջանցքները խցանված են խաղաղասեր անհայրենիքներով, որոնք խավարասեր են հիշեցնում։ Հենց այս մահացու խավարասիրությունն է այսօր լուսավորել Երևանը, որի առաքելությունն է դարձել լռությունը՝ եվրատեսիլյան ու ամանորյա աղմուկ-աղաղակի մեջ։ Խավարամտության հանդեպ անմարդկային հանդուրժողականությունից ածանցված՝ այդ լռությունն է Լաչինի միջանցքը փակողների հանդգնության սնուցողը․․․

Ըստ էության՝ մենք այսօր ազգովի ուրանում ենք արցախցիներին՝ անգամ, եթե մղկտում ենք նրանց համար։ Մենք ուրանում ենք այնքան ժամանակ, քանի դեռ հանդուրժում ենք Արցախը հանձնողներին ու արցախցիների անվտանգության եղբայրական պարտքը համաշխարհային գրպանները գցողներին։ Մենք ուրանում ենք արցախցիներին՝ անվրդով հետևելով Երևանում անվտանգության օրգիայի վերածված ԱԽ անիմաստ նիստերին  ու չհետևելով անվտանգության գլխավոր անհայրենիքներից մեկի եվրոպական վոյաժներին, որտեղ նա հանդիպում է թուրքական ազդեցության ճարտարապետներից մեկի հետ՝ այն նույն օրը, երբ ադրբեջանցիները փակում են իր նոմինալ հայրենիքի միակ ճանապարհը։

Գուցե չհավատաք, բայց հենց այդ ճանապարհը իրականության մեջ ու ամենախորքում փակվել է Երևանում, ու եթե անգամ բացվի, փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը տոնական հնչյունների ներքո չլսելու է տալիս վիժվածքի բարբաջանքը թուրք կոչվելուց շոյվելու մասին։ Ողբերգական է իհարկե, բայց դեպքերի զարգացումներն ու ողջ ընթացքը ցույց է տալիս, որ Երևանն առաջիկայում այլևս ոչ թե ջազ կլսի, այլ թուրքական մուղամ՝ դրա ոչ միայն անվանական, այլ նաև քաղաքական իմաստով, ավելին, մուղամի այդ հանդուրժումով լուռ հաստատվում է՝ շուրջ 4,5 տարի տիրաժավորվող «մենք բոլորս թուրք ենք» կամ՝ հայի մեջի թուրքը թեզը։

Արմեն Հովասափյան