Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի առավել արդիական ասպեկտների, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ», — ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, արտաքին քաղաքական գերատեսչությունում կայանալիք հանդիպումը դիտարկում են որպես «ռուս-ադրբեջանական վստահելի քաղաքական երկխոսության շարունակություն»:









