Foto

Չկա շտապողականություն, քանի որ չկան նաև պատրանքներ

Հարավկովկասյան տարածաշրջանում է (տարածաշրջանային այցով) ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը: Մասնավորապես, ըստ պաշտոնական տեղեկագրության՝ նոյեմբերի 28-ին Ռիքերը Բաքվում, Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած հանդիպման ընթացքում, քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ռիքերն ընդգծել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ բանակցություններին, քանի որ երկու կողմերն աշխատում են կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ: Ավելին, ամերիկացի դիվանագետն ընդգծել է Վաշինգտոնի աջակցությունը խաղաղ գործընթացին և հորդորել երկու կողմերին՝ պլանավորել հետագա բանակցությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության համար հարթակ ստեղծելու ուղղությամբ։

Ռիիքերը Բաքվում հանդիպել է նաև Իլհամ Ալիևի հետ ևս։ Հանդիպմանը մտքեր էին փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ հանդիպման առնչությամբ։  Հավելենք, որ հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ։ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Մրզոյանը Ռիքերին է ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները։

Ըստ էության՝ այս պահին ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, բայց համանախագահ երկրները, եթե կուզեք՝ առանցքային խաղացողները, այդ թվում՝ ԵՄ-ն, ջանքեր են ներդնում, որպեսզի կողմերը բանակցեն իրենց օրակարգով ու իրենց առաջարկներով: Չնայած այն հանգամանքին, որ սեղանին դրված փաթեթները շատ փոքր դետալներով են տարբերվում միմյանցից, Արևմուտքը ցանկանում է, որպեսզի կողմերը բանակցեն Բրյուսելում, իսկ Ռուսաստանը՝ Մոսկվայում:

Կողմերը, ճոճանակի նման այս ու այն կողմ են նետվում, բացի դրանից ակնառու է, որ ականատես ենք բավականին բարդ դիվանագիտական զարգացումների, որոնցից հերթականը Ադրբեջանի կողմից Բրյուսելում կայանալիք հանդիպման չեղարկումն էր՝ Մակրոնի մասնակցության պատճառով: Ասվածին զուգահեռ՝ անհասկանալի է և չմեկնաբանված, թե ինչո՞ւ Վաշինգտոնում նախարարական հանդիպմանը Հայաստանը նոր առաջարկներով հանդես եկավ և ինչո՞ւ Բրյուսելում սպասվող հանդիպման այլ ձևաչափ առաջարկվեց: Սրանք հարցեր են, որոնք հստակեցման ու պարզեցման անհրաժեշտություն ունեն։

Արձանագրենք նաև այն դրվագը, որ առկա վիճակից ակնհայտորեն Վաշինգտոնը գոհ չէ, այդ մասին իր հայտարարություններում արտահայտվեց նաև պետքարտուղար Բլինքենը: Ավելին, Ռիքերն Ադրբեջանում նույն ուղերձը փոխանցեց կողմերին։ Ասել է թե՝ գործընթացը փակուղում է հայտնվել, դեմ է առել պատին, այլ բնորոշմամբ՝ տեղի ուենցողն ընդհատակյա ու բարդ գործընթաց է:

ԻՆչպես նկատում ենք՝ ստեղծված ախարհաքաղաքական թնջուկում Մոսկվան հանդես է գալիս որպես առաջին ջութակ և ներկայանում է բանակցային առաջին պլանում․ ըստ էության՝ չկա շտապողականություն, քանի որ չկան նաև պատրանքներ, որ կողմերը հեշտ համաձայնելու են ինչ-որ բանի:

Արմեն Հովասափյան