Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսը Ուկրաինային օգնության կոնտակտային խմբի նիստում խոստացել է շարունակել աջակցությունը։ Այս մասին հայտնել է Հունաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նիստը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձեւաչափով ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի նախաձեռնությամբ՝ նախարարների, պաշտպանության փոխնախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Նիստին մասնակցել է նաեւ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը:
«Քննարկվել են Ուկրաինայում ընթացիկ իրադարձությունները, հատուկ ուշադրություն է դարձվել ռազմական տեխնիկայի ապահովմանը, Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների վերապատրաստմանը եւ պաշտպանական ձեռնարկությունների միջեւ համագործակցությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Իր ելույթում Պանայոտոպուլոսը խոսել է հումանիտար եւ պաշտպանական օգնության մասին, որը Հունաստանը տրամադրել է Ուկրաինային, օրինակ՝ 155 մմ զինամթերք եւ վերջերս՝ մարտական զրահապատ մեքենաներ։