2022 թ. համեմատ 2023 թ. հատկացումներն աճել են 11,9 տոկոսով կամ 68,7 մլրդ դրամով. այս մասին հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Բնակարանային ապահովման ծրագրի համար նախատեսվում է 3,835.1 մլն դրամ: 2023 թ. նախատեսվում է իրականացնել «ԱՀ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը» նոր միջոցառումը, որը հնարավորություն կտա տեղահանված ընտանիքներին ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն, որի համար կտրամադրվի 2 մլրդ դրամ: Հոկտեմբերին Կառավարությունը վերանայել է որոշումը, ըստ որի՝ եթե տեղահանված ընտանիքն անշարժ գույք ձեռք բերի կամ կառուցի ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրում, ապա կստանա լրացուցիչ աջակցություն, մասնավորապես, կտրամադրվի հանրագումարային մինչեւ 14 մլն դրամ, իսկ կառուցապատման դեպքում՝ հանրագումարային մինչեւ 16 մլն դրամ՝ հիպոտեկային վարկի մայր գումարի մարման համար: Տոսոկոսագումարների մարման համար կնախատեսվի հանրագումարային մինչեւ 13 տոկոս:
Կենսաթոշակային ապահովություն ծրագրի գծով նախատեսվում է հատկացնել 422,304.8 մլն դրամ: Կանխատեսումներում հիմք են ընդունվել հետեւյալ ցուցանիշները՝ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 31 հազար 600 դրամ՝ մինչեւ 2022 թ. սեպտեմբերի 1-ը գործող 28 հազար 600 դրամի փոխարեն: Իսկ 2023 թ. հուլիսից նախատեսվում է նվազագույն կենսաթոշակը հասցնել 36 հազար դրամի: Աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն: Իսկ 2022 թ. հուլիսից նախատեսվում է հիմնական կենսաթոշակի չափը հասցնել 36 հազար դրամի՝ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը 2022 թ. հուլիսից սահմանելով 525 դրամ՝ ներկայիս 500 դրամի փոխարեն:
Ներդրվելու է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, որը հնարավորություն կտա հաշմանդամությունը սահմանել՝ հաշվի առնելով անձի ֆունկցիոնալության սահմանափակումը եւ ոչ բացառապես առողջական վիճակը:
Պատգամավորները հարցադրումներում անդրադարձել են զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետությանը, ժողովրդագրական ու ծնելիության խթանմանն ուղղված, երեխաների եւ կանանց իրավունքներին, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությանը վերաբերող ծրագրերին, անօթեւան անձանց համար կացարանների խնդրին եւ այլն:
Նախարարի խոսքով ժողովրդագրության քաղաքականության պատասխանատուն միայն նախարարությունը չէ, ուստի ընդունվող փաստաթուղթը կլինի ՀՀ կառավարության ժողովրդագրության քաղաքականության արդյունք: Հանրապետությունում կան 49 միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որոնք քաղաքացիների սոցիալական խնդիրներին արձագանքող առաջնային մարմիններն են:
Անօթեւանների խնամքի հարցում անբարեխիղճ ծառայություններից խուսափելու նպատակով պատգամավոր Զարուհի Բաթոյանը կարծիք է հայտնել, որ քանի դեռ դաշտում գործող գոնե երկու կազմակերպություն չունենք, առավել նպատակահարմար կլինի այս ծառայությունը կա՛մ պատվիրակել, կա՛մ գործի համայնքի ներքո:
Ի պատասխան՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ այս պահին քննարկվում են մի շարք տարբերակներ անօթեւանների խնամքի ապահովման գործընթացի պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
Նարեկ Մկրտչյանը նշել է, որ զբաղվածության ծրագրերի մասով ռազմավարական մոտեցում չկա. անհրաժեշտ է հստակ ռազմավարական ծրագիր: «Մենք փորձում ենք այդ ծրագրերը վերանայել: 2023 թ. համար ավելի միասնական զբաղվածության ծրագրեր ենք փորձում ունենալ: Դրան զուգահեռ, իհարկե, կան գործող ծրագրեր»,- նշել է նախարարը:
Հարցուպատասխանի ընթացքում նախարարն ու փոխնախարարները մանրամասն տեղեկություններ են հաղորդել սոցիալական փաթեթների շահառուների շրջանակի ընդլայնման, ցերեկային խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման, ավանդների համար նախատեսված դրամական միջոցների նվազեցման, զբաղվածության ոլորտում տեղեկատվական հարթակի ստեղծման, պատերազմական եւ ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորված անձանց պրոթեզավորման գործընթացի եւ նրանց աջակցության ծրագրի վերաբերյալ:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է աշխատանքային ստաժին առնչվող որոշումը՝ կարծիք հայտնելով, որ չի կարելի աշխատանքի առաջին տարին շատ ավելի բարձր գնահատել եւ մարդուն չխրախուսել հետագա տարիների համար: Ըստ նրա՝ այդ հանգամանքը չի մոտիվացնում քաղաքացուն աշխատելու 10 տարուց ավելի: «Մինչեւ 10 տարի աշխատած մարդու նվազագույն աշխատանքային ստաժը չպետք է հավասար լինի երբեւէ չաշխատած մարդու նպաստին»,-ընդգծել է հանձնաժողովի նախագահը:
Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է նաեւ այն կարգավորումը, որով անկախ կազմակերպաիրավական ձեւից՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր դպրոցների աշխատողները ներառվել են սոցփաթեթի շահառուների ցանկում:









